Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «համարվում են քաղաքացիական պաշտոններ» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոններ են» բառերով,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է Ազգային ժողովը` հինգ տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաեւ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով` Հանձնաժողովի անդամ:»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.
«2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար` Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:
2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:»,
4) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին ղեկավար պաշտոններում` պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ պետական մարմնի կամ կազմակերպության ներքին միավորի ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ) եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,
2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «առավելագույն» բառը,
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 1.1-ին կետով.
«1.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.»,
4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.»,
5) 3-րդ մասի «կարող են դադարեցվել» բառերը փոխարինել « «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով,
6) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ սույն հոդված 3-րդ մասով նախատեսված որեւէ հիմք ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու` միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «զ» կետից հանել «եւ նիստերի արձանագրությունները» բառերը,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:»:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Արձանագրությունը ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությմաբ` նոր 13-րդ մասով.
«13. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի եւ այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ