Armenian ARMSCII Armenian
Պ-1331-08.05.2019,17.06.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  20-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի «համարվում են քաղաքացիական  պաշտոններ» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոններ են» բառերով.

2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝  հինգ տարի  ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաեւ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:».

4)  3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):»:

Հոդված  2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1)  վերնագրի «եւ դադարեցումը» բառերը փոխարինել «, դադարեցումը եւ կասեցումը» բառերով.

2)  1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3)  2-րդ մասի 1-ին կետից հանել «առավելագույն» բառը.

4)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».

5)   2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.».

6)  3-րդ մասի «կարող են դադարեցվել» բառերը փոխարինել «Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.

7)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:».

8)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս  Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի  լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ  Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն  այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:»:

Հոդված  3. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի «զ» կետից հանել «եւ նիստերի արձանագրությունները» բառերը.

2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման,  դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:»:

Հոդված  4. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1)  4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի եւ այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:»:

Հոդված  5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: