Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1333-08.05.2019,17.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «համարվում են քաղաքացիական  պաշտոններ» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոններ են» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով  նշանակում է Ազգային ժողովը` հինգ տարի  ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաեւ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ նշանակվել  հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով` հանձնաժողովի անդամ:»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար` Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 7.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:»,

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

5) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին ղեկավար պաշտոններում` պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ  պետական մարմնի  կամ կազմակերպության ներքին միավորի  ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ) եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:»:

Հոդված 2. Օրենքի 7.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետի «որոշումներն ու նիստերի արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումները» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է հանձնաժողովի  տարիքով ավագ անդամը:»,

3) 3-րդ մասի «նշագրում հանձնաժողովի որոշումներ» բառերը փոխարինել «հանձնաժողովի նիստերի արձանագրությունները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 2-րդ մասի «ա» կետից «առավելագույն» բառը հանել,

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր «ա.1» կետով.

«ա.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.»,

4) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.»,

5)  3-րդ մասի «կարող են  դադարեցվել» բառերը փոխարինել « «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով,

6) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս  հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում հանձնաժողովի անդամի  լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ սույն հոդված 3-րդ մասով նախատեսված որեւէ հիմք ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն  այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրել` միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի «մասի համաձայն` հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը» բառերը փոխարինել «մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 7.1-ին մասով.

«7.1. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունը ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները:»,

3) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Հանձնաժողովն ապահովում է իր եւ իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի եւ այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ