Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-029-26.02.2019,18.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը եւ վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաեւ դրանցից բխող, սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ տարածքային մարմին):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարության սահմանած կարգով իրականացնում է ՔԿԱԳ տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը, դրանց վերահսկումը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները իրականցվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումների կողմից: Երեւան քաղաքում մահվան պետական գրանցումը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանման կողմից:

4. Օտարերկրյա պետություններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու եւ դրա հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տրամադրելու միջոցով:»

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի

1)    6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ յուրաքանչյուր գրառում ստորագրվում  է կատարող ՔԿԱԳ մարմնի աշխատողի ու ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից եւ հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ գրառումը ենթակա չէ տրամադրման, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

2) 8-րդ մասում «կառավարություն» բառը փոխարինել «արդարադատության նախարարը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա եւ դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք տրամադրվում են նաեւ փաստաթղթային կրիչի վրա:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը տրամադրող մարմնի ղեկավարի ստորագրությամբ եւ հաստատված մարմնի կնիքով ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց համացանցի www.e-citizen.am կայքում պաշտոնական, ինչպես նաեւ դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմողի պահանջով տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը):»

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը ստորագրվում են քաղաքացիական կացության ակտը գրանցող կամ դրա մեջ ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարող, ինչպես նաեւ վկայական կամ տեղեկանք տրամադրող համապատասխան ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից եւ հաստատվում ՔԿԱԳ մարմնի կնիքով:

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի վրա զետեղվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը եւ արագ արձագանքման  ծածկագիրը:

5. Քաղաքացական կացության ակտի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձեւանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները, ինչպես նաեւ դրանց ոչնչացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա, այն մարմնի կնիքով եւ ղեկավարի ստորագրությամբ ում վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվել:»

2) Լրացնել նոր 1.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1.Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններին՝ անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից:»

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը եւ ժամկետներ սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»

Հոդված 6. Օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասում՝ լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Միասնական գրանցամատյանում ձեւավորվող բոլոր փաստաթղթերը ստորագրվում եւ կնքվում են էլեկտրոնային եղանակով»:

Հոդված 7. Օրենքի 9.2-րդ հոդվածում լրացնել 2-րդ եւ 3-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«2.Եթե դիմողը՝ տեսողական խանգարում ունեցող անձ է, ապա ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը բարձրաձայն ընթերցում է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ՝ առնվազն  մեկ վկայի ներկայությամբ? Վկան դիմումի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում է իր ներկայությամբ դիմումի բովանդակությունը ՔԿԱԳ աշխատակցի կողմից ընթերցված եւ դիմողի համար պարզաբանված լինելու փաստը:

3. Սույն Օրենքով նախատեսված դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններին՝ ըստ դիմողի նախընտրության»:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 15-րդ հոդվածը:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «պայմանագրի» բառից հետո լրացնել «եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման» բառերը:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «պայմանագրի» բառից հետո լրացնել «եւ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման» բառերը:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Ծննդի ակտային գրանցման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (մարզի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):

5. Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է այն վայրը, որտեղով ծննդյան պահին տեղաշարժվում է այդ տրանսպորտային միջոցը՝ բացառությամբ օդային եւ ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

6. Անձի ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են կյանքի ընթացքում այդ անձի վերաբերյալ  կատարված բոլոր քաղաքացիական կացության ակտերի

գրանցումների վերաբերյալ տեղեկությունները»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի հոդվածի «ե)»  կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:» բառերով:

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել  Օրենքի 25-րդ հոդվածը:

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «դ»  կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:»?

Հոդված 15. Ուժը կորցրած  ճանաչել Օրենքի 32-րդ հոդվածը:

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «զ»  կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերը?

Հոդված 17. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 40-րդ հոդվածը:

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ե»  կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերը?

Հոդված 19. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 49-րդ հոդվածը:

Հոդված 20. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «զ)»  կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:» բառերով:

Հոդված 21. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:»

Հոդված 22. Օրենքի 62-րդ հոդվածի «դ)»  կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:» բառերով:

Հոդված 23.  Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում մահացած օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մահը»:

Հոդված 24. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 65-րդ հոդվածը:

Հոդված 25. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1. մասով.

«2.1. ՔԿԱԳ մարմինը մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մեկամսյա պարբերականությամբ փոխանցում է ՀՀ ոստիկանության լիազոր մարմին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները՝ 15-օրյա պարբերականությամբ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին:»:

Հոդված 26. Օրենքի 68-րդ հոդված 1-ին մասի՝

1) «դ)» կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «եւ տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:» բառերով?

Հոդված 27. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարվում է այն անձի դիմումի հիման վրա, ում վերաբերյալ կատարված է գրանցումը կամ նրա լիազորված անձի դիմումի հիման վրա:»:

Հոդված 28. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:   
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Ներկա իրավիճակ

Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ մարմիններին:

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարեւորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձեւավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը, որի արդյունքում կստեղծվեր առողջ մրցակցություն ՔԿԱԳ ոլորտի ծառայություններ մատուցող մարմինների համար, ինչն էլ հիմք կհանդիսանար բարելավելու մատուցվող ծառայությունների որակը:

Սակայն մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կամ դրանցից բխող գործառույթների իրականացումը պայմանավորված է վարչատարածքային պատկանելիությամբ, ինչը շարունակում է ձեւավորել ՔԿԱԳ մարմինների գործունեության մենաշնորհ, պայմանավորված սպասարկման տարածքով, ինչը չի կարող չազդել ծառայությունների մատուցման որակի վրա, որի մասին վկայում է ՔԿԱԳ տարածքային մարմիններ դիմող անձանց բողոքները եւ առաջարկությունները:

Ի տարբերություն վերը ներկայացվածի, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, այսօր ծառայությունների մատուցումը, ի շնորհիվ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի, հնարավորություն տվեցին բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկման որակը:

Միաժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրվող փաստաթղթերի իսկության ստուգումը, մասնավորապես՝ Նախարարության կողմից դրված ապոստիլի եւ  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների իսկության ստուգումը կարելի է իրականացնել համացանցի միջոցով՝ համապատասխան պաշտոնական  կայքում մուտքագրելով փաստաթղթերի վրա զետեղված ծածկագրերը կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այն ստուգել QR կոդի միջոցով: Մինչդեռ ՔԿԱԳ վկայականների եւ տարածքային մարմինների կողմից տրված այլ  փաստաթղթերի իսկության հարցումները, որոնք ուղղվում են համաձայն միջազգային պայմանգրերի Նախարարությանը, բազմաթիվ են եւ արդյունքների տրամադրման ժամկետների տեսանկյունից խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար:

Բացի այդ, ներկայումս արդեն իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների գործածման դեպքում, հնարավոր է տրամադրել պետական վկայականները եւ տեղեկանքները էլեկտրոնային ձեւաչափով, ընդ որում դրանք հասանելի դարձնել դիմողներին համացանցի www.e-citizen.am կայքում ՀՀ քաղաքացիների պաշտոնական էլեկտրոնային հասցեներով: Իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով  վճարի դեպքում նաեւ տրամադրել դրա արտատպումը սովորական թղթի վրա, որի իսկությունը հնարավոր է հաստատել համացանցի www.e-verify.am կայքում:

2016 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով Օրենքի 15-րդ հոդվածը լրացվեց նոր 14-րդ եւ 15-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«14. Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ՝

1) ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը, եւ

2) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:

15. ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Միեւնույն ժամանակ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում, որով կարգավորվում է երեխայի ծննդյան պետական գրանցման հիմքերը եւ ընթացակարգը, համապատասխան լրացումներ չեն կատարվել եւ այսօր, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ապա ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթղթի հետ ներկայացվում է նաեւ փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, իսկ  ծննդի պետական գրանցման գրքում տվյալ անձինք գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա:

Առաջարկվող լուծումները

Իրավունք վերապահել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային եւ տարածքային  ստորաբաժանումերին` իրականացնել մեկ պատուհան ծառայությունը` հնարավորություն ընձեռելով անձանց որոշ գործառույթների պահանջով չսահմանափակվել համապատասխան վարչատարածքում գործող ՔԿԱԳ տարածքային մարմին դիմելու իրավունքով: Ասվածից բխում է, որ  ծննդյան, ամուսնության եւ այլ ակտերի գրանցման մասին տեղեկանք ստանալու համար հնարավոր է  դիմել տվյալ գրանցումը կատարած ՔԿԱԳ տարածքային մարմին, օր՝ Մեղրու, Գավառի, Նոյեմբերյանի եւ այլ ՔԿԱԳ տարածքային մարմիններ, կամ իր բնակության վայրի  ՔԿԱԳ տարածքային մարմին, որը համապատասխան տեղեկանք ստանալու համար կատարված հարցումից մինչեւ դրա բնօրինակը ստանալը կասեցնում է տեղեկանք տրամադրելու համար նախատեսված գործող ժամկետները:

2. Հնարավորություն ընձեռել անձանց իրենց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ միասնական փաստաթուղթ ստանալ, որը կարող է օգտագործվել ցանկացած գործառույթի իրականացման համար:

Այս առումով ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ դրական փորձ է ձեռք բերել ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաեւ այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարութան կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N  1181- Ն որոշման շրջանակներում գործող լիազորված օպերատորներին տրամադրելով լիազորություն՝ ընդունելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների համար դիմումներ եւ տրամադրել հայցվող փաստաթղթերը: Այսօր այդ սպասարկումը իրականցվում է «Հայ փոստ» ՓԲ ընկերության 40-ից ավել գրասենյակներում, ինչպես նաեւ բանկերում: Քաղաքացիները այլեւս պարտավոր չեն ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք՝ համապատասխան ծառայություններից օգտվելու նպատակով: Միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների եւ տեղեկանքների տրամադրման ոլորտը ենթադրում է որոշակի գիտելիքների առկայություն, առաջին փուլում ընտրվեց ճանապարհ՝ փոխանցել վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման, ինչպես նաեւ որոշակի գործառույթների իրականացման իրավասությունը  ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման, ով պրակտիկայում կիրառելով «մեկ պատուհան» ծառայությունը եւ հանդիսանալով նախագծերի մշակող, հնարավորություն կունենա վերհանել բոլոր խնդիրները եւ դրանց համար գտնել լուծումներ, մինչեւ համակարգի ամբողջական փոխումը: Միեւնույն ժամանակ, Նախագիծը  հնարվորություն է տալիս քաղաքացուն վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար դիմել ցանկացած ՔԿԱԳ տարածքային մարմին:

Սույն Նախագծի արդյունքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ակտային գրանցումները հաստատող բոլոր փաստաթղթերը վերաձեւակերպվում են էլեկտրոնային փաստաթղթերի, որոնք մշտապես կպահպանվեն դիմողների պաշտոնական էլեկտրոնային փոստերում եւ որոնց արտատպած ձեւաչափի իսկությունը կարող է հաստատվել համացանցի միջոցով:

2018 թվականի մարտին նաեւ իրականցվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը էլեկտրոնային հյուպատոս համակարգին, որի շրջանակներում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում: Նրանք հնարավորություն կունենան նաեւ մուտք գործելու միասնական  էլեկտրոնային գրանցամատյան, որը իր հերթին ենթադրում է վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրում անմիջապես գրանցամատյանից, ի տարբերություն ներկայիս գործող ընթացակարգին, որը նախատեսում է մեկ ամսից ավել ժամկետ ՀՀ քաղաքացուն վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու համար:

Ակնկալվող արդյունքներ

Նախագծի ընդունման դեպքում, կձեւավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջեւ, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա, մասնավորապես՝

Նախագծի ընդունմամբ սահմանվում է.

Նախագծի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը համակարգող եւ վերահսկող գերատեսչությունը, ի  դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ոլորտային համակարգի ամբողջական փոփոխության ուղղված նախագծերի նախապատրաստումը կհիմնի խնդիրների պրակտիկ լուծման վրա:

Սույն նախագծով նաեւ նախատեսվում է լուծել մի քանի տեխնիկական խնդիրներ, օրինակ սահմանել Օրենքով նաեւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մասին տեղեկանքի հասկացությունը, որը մինչ այսօր սահմանված չի եղել:

Նախագծի ընդունմամբ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծնված երեխայի պետական գրանցման ընթացակարգերը համապատասխանեցվում է են «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքին:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», « ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ հետեւյալ իրավական ակտերում.

1) ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 469-Ն որոշում,

2) ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձեւաթղթերի նմուշները, այդ ձեւաթղթերի լրացման կարգը, ինչպես նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձեւաթղթերի նմուշները հաստատելու մասին»  թիվ 492-Ն որոշում,

3) ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման կարգը եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձեւերը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրաման,

4) ՀՀ արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 97-Ն հրաման:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում ծախսերի նվազեցում 27.720.000 դրամով:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ