Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 292-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «297-րդ» բառը:
Հոդված 2. Oրենսգրքի 296-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 296. Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը
1. Անտառային հողերում, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում,
3) խոշոր վնաս պատճառելով,
4) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) շահույթ ստանալու նպատակով՝
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկ եւ յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 3. Օրենսգրքի 297-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 297. Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը
1. Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ վտանգավոր այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի պատճառով, եւ եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկ եւ չորսհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն օրենսգրքի 296-րդ եւ 297-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններով պատճառված վնասը հաշվարկելիս հիմք է ընդունվում բնությանը պատճառված ընդհանուր նյութական վնասը:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: