Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1952-19.06.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «լուսանկարը» բառից հետո լրացնել «, որը պարունակում է նաեւ տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «5-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «6-րդ մասով» բառերը` «5-րդ մասով» բառերով,

2) 5-րդ մասում «օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու» բառերը փոխարինել «վերադասության կարգով գանգատ ներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական մարմնին դիմում ներկայացնելու» բառերով, իսկ «միջոցով» բառից հետո լրացնել «, իսկ վարչական մարմնի կողմից դիմումը չբավարարելու դեպքում` նաեւ դատական կարգով» բառերը,

3) 6-րդ մասում «գանգատը (բողոքը կամ հայցադիմումը)» բառերը փոխարինել «դիմումը» բառով, իսկ «գանգատին (բողոքին կամ հայցադիմումին)» բառերը` «դիմումին» բառով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Եթե վարչական մարմինը ապացուցված է համարում խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը, ապա վարչական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ խախտում կատարած անձի նկատմամբ կայացվում է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ:»,

5) 7-րդ մասում «գանգատ (բողոք կամ հայցադիմում)» բառերը փոխարինել «դիմում» բառով, իսկ «վարչական, դատական կամ որեւէ այլ կերպ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել (Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է) այլ տրանսպորտային միջոցով (ավտոտարհանիչ, ավտոփոխադրող, կոնտեյներ)` ոչ տրանսպորտային վիճակում (առանց վարելու), ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է ավտոտարհանիչ, ավտոփոխադրող կամ կոնտեյներ տրանսպորտային միջոցի վարորդը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»:

Հոդված 4. Օրենքի 7.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.3-րդ հոդվածով.

«Հոդված 7.3. Վարչական ակտի հասցեատեր սեփականատիրոջ (լիզինգառուի) տրանսպորտային միջոցի հետախուզումը

1. Եթե վարչական ակտի հասցեատեր ֆիզիկական անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, եւ նրան սեփականության (լիզինգի) իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով 1 տարվա ընթացքում կատարվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 3 խախտում, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորների ձեւով, եւ սեփականատերը (լիզինգառուն) այդ 3 խախտումները այլ անձի կողմից կատարված լինելու փաստը չի ապացուցել, ապա «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սեփականություն կամ լիզինգի առարկա, եւ վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, եւ սույն մասով նախատեսված 3 խախտումները տվյալ տրանսպորտային միջոցով այլ անձի կողմից կատարված լինելու փաստը նա չի ապացուցել, ապա տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում:

2. Հետախուզումը դադարեցվում է տրանսպորտային միջոցը հայտնաբերելիս, իսկ տրանսպորտային միջոցն անհապաղ վերադարձվում է սեփականատիրոջը (լիզինգառուին), եթե սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: Հետախուզումը դադարեցվում է նաեւ այն դեպքում, եթե մինչեւ տրանսպորտային միջոցը հայտնաբերելը սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) սույն օրենքով նախատեսված դեպքում սույն օրենքի 7.3-րդ հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցը հետախուզելու` վարչական մարմնի լիազորության մասին ծանուցում.»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ  
 

ՀԱՄԱՄԵՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ  
   

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման եւ ծախսերի ավելացման մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերով նախատեսվում է վերանայել ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը եւ ներդնել տուգանային (ոչ նյութական) միավորների համակարգ, որը միտված է լինելու ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների կանխարգելմանը` կարճ ժամանակահատվածում երաշխավորելով երթեւեկության անվտանգության զգալիորեն բարձր մակարդակ:

Ոստիկանությունում առկա վիճակագրության հիման վրա կատարված կանխատեսումների համաձայն` նախագծերի ընդունման եւ նոր նախատեսվող սանկցիաների կիրառման առաջին 12 ամսվա ընթացքում պետական բյուջեի մուտքերը, բոլոր հավասար պայմաններում, կարող են նվազել շուրջ 2.7 մլրդ. դրամի չափով: Միաժամանակ, տուգանային միավորների համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով պետական բյուջեի ծախսերը կավելանան 1.1 մլրդ դրամի չափով: Ծախսերը նախատեսվում է կատարել ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների հաշվին` նախահաշիվներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

16  մայիսի 2019 թվականի  N  648 - Ա

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի ԵՎ հարակից օրենքների նախագԾերի ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
 որոշում  է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ                                                     Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. հունիսի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 648-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս Հայաստանի Հան-րապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
 

Հարգանքով`   ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ