Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2048-21.06.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 13. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների համար նախատեսված պետական տուրքը եւ լրացուցիչ ծառայությունների վճարները

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների եւ դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որոնց դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե՝ ՀՀ կառավարության սահմանած չափերով:»:

Հոդված 2. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 84-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին առկա ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սահմանել, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարվում են 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին: