Հոդված 1.
Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` «Oրենսգիրք») 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7) դիմումատու իրավաբանական անձի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը).»:
Հոդված 2.
Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8) դիմումատու իրավաբանական անձի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպես նաեւ նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ` լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում նաեւ մինչ դրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Այս սահմանումն ինքնանպատակ չէ: Նման բացառիկություն ընդերքին եւ ջրային ռեսուրսներին սահմանադրական մակարդակում ամրագրելու համար տալիս է այդ օբյեկտների ռազմավարական նշանակությունը պետության համար:
Օրենսդրական մակարդակում ընդերքօգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ուղենշային կարգավորումները սահմանում է Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ «Օրենսգիրք»):
Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերի համաձայն՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության եւ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումներում նշվում կամ դրանց կից ներկայացվում են դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը):
Արդյունքում՝ այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են ընդերքօգտագործող կազմակերպության 10 տոկոսից պակաս բաժնետոմսի (բաժնեմաս) սեփականատեր, վերոնշյալ դիմումներում իրենց վերաբերյալ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով նախատեսված տվյալները կարող են չներկայացնել:
Մինչդեռ, ընդերքօգտագործող կազմակերպության անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների եւ նրանց վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է տրամադրվի եւ հրապարակվի սահմանված կարգին համապատասխան: Չարաշահումներից եւ ռիսկերից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է Օրենսգրքում բացառել այս մոտեցումը, ըստ որի՝ ներկայացվում են միայն 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումները), քաղաքացիությունը (պետական գրանցման վկայականի տվյալները):
Այսպիսով առաջարկվում է՝ Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերը խմբագրել այնպես, որ բոլոր սուբյեկտները՝ անկախ ընդերքօգտագործող կազմակերպությունում մասնակցության չափից, պարտավոր լինեն ներկայացնել իրենց վերաբերյալ Օրենսգրքով սահմանված լիարժեք տեղեկատվությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հունիսի 20-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել
Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
126 Է. Մարուքյան
122 Ս. Գրիգորյան
125 Գ. Գորգիսյան
123 Ս. Ալեքսանյան
115 Ա. Բաբաջանյան
124 Գ. Բաղդասարյան
116 Ա. Խաչատրյան
127 Մ. Թանդիլյան
117 Ա. Սամսոնյան
128 Է. Անդրեասյան
118 Հ. Բաբայան
129 Ռ. Ստեփանյան
119 Ա. Եղիազարյան
130 Տ. Սիմոնյան
120 Ա. Կոստանյան
131 Հ. Այվազյան
121 Կ. Սիմոնյան
132 Ս. Մինասյան
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- նախագծի ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Գուրգեն Բաղդասարյանը:
Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ