Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-210-25.06.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 5.3-րդ կետերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 7-րդ կետով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 3-րդ մասի առաջին նախադասությունում «2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերով եւ 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը.

4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը:».

2. 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «ազգային անվտանգության մարմիններում քննիչի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի» բառերը.

3. 3-րդ մասը 6-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ պարբերությամբ.

«Հարկային եւ մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի եւ հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաեւ վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».

4. 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար» բառերով:

5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը ազատված` սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ եւ 5.3-րդ կետերի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է.

1) 2019 թվականի հունիսի 1-ից` եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը,

2) դիմելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է հրապարկման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019թ. հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ, ըստ որի` Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող են ճանաչվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)`

1. 9-րդ հոդվածի 3-րդ մասը` դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային եւ մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով,

2. 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը` այնքանով, որքանով Հատուկ քննչական ծառայության քննիչների համար Քննչական կոմիտեի քննիչների համեմատ նվազ բարենպաստ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանում.

3. 9-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 1-ին մասը` դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային եւ մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով:

Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին վիճարկվող դրույթները Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետեւանքներ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի հունիսի 1-ը` հնարավորություն տալով Ազգային ժողովին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Հատուկ քննչական ծառայությունում կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողին կենսաթոշակ է նշանակվում Օրենքով:

Մաքսային եւ հարկային ծառայության քննիչներին Օրենքով կենսաթոշակ չի նշանակվում: Նրանց կենսաթոշակի իրավունքը իրացվում է ընդհանուր հիմունքներով:

Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքի 9-րդ հոդվածով կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը եւ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի 2016թ. սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1302 որոշման մեջ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց կենսաթոշակի հաշվարկման կարգի վերաբերյալ սահմանադրական դատարանն արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը. «Նման իրավիճակը պետք է հաղթահարվի, մասնավորապես` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում` նկատի ունենալով, որ այն անձանց համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում, կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվարկային հիմք է ընդունվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձը` եթե այն ավելի մեծ է, քան «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված աշխատավարձի հիմքով հաշվարկված կենսաթոշակի չափը:»:

Այս դիրքորոշման հիման վրա դատարանները կայացնում են վճիռներ, որ  նշված դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը պետք է հաշվարկվի ոչ թե դատավորի վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող  օրենսդրությամբ այդ պաշտոնի համար հաշվարկված աշխատավարձից, այլ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձից:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություններ կատարել Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում` ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշման պահանջի կատարումը:

2. Կարգավորման առարկան

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշումը` Օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է 5.2-րդ եւ 5.3-րդ կետերով, ըստ որոնց`

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

բ. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 7-րդ կետով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:

Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաեւ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում` անցումային դրույթներում նախատեսելով կարգավորումներ` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մաքսային եւ հարկային ծառայությունում առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակի իրավունքի իրացման վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը ազատված` կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակ նշանակել 2019 թվականի հունիսի 1-ից, եթե նա կենսաթոշակ նշանակելու դիմումը կներկայացնի կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուց հետո` 6 ամսվա ընթացքում, այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում  է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձից` հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2016թ. սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1302 որոշման հիման վրա դատարանների կայացրած վճիռները:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության` Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ձեռք բերող` հարկային եւ մաքսային ծառայությունների քննիչներ չկան:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չափաքանակների շրջանակներում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշման պահանջի կատարումը:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-ն որոշման մեջ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ եւ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չափաքանակների շրջանակներում:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

13  հունիսի 2019 թվականի  N  734 - Ա

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 

2019 թ. հունիսի 14
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 734-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ