Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-210-25.06.2019-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 5.3-րդ կետերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ 63 տարին լրանալուց հետո՝ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 7-րդ կետով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասի առաջին նախադասությունում «2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերով եւ 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը.

4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը:».

2. 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «ազգային անվտանգության մարմիններում քննիչի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի» բառերը.

3. 3-րդ մասը 6-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ պարբերությամբ.

«Հարկային եւ մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար՝ պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի եւ հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար՝ պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում՝ նաեւ վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».

4. 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար» բառերով:

5. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը ազատված՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ եւ 5.3-րդ կետերի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է.

1) 2019 թվականի հունիսի 1-ից՝ եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը,

2) դիմելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է հրապարկման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019թ. հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: