Armenian ARMSCII Armenian
Կ-189-14.06.2019,28.06.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասում «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն» բառերով.

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.

«7. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:

8. Մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով, եթե նույնիսկ չի առաջանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտություն:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում եւ հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.

«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը եւ փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաեւ դրանց վավերականությունն ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասով ամրագրված՝ փաստաթղթի համարի եւ փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրվում է նոր գրանցման վկայական՝ ուղղման վերաբերյալ նշումով:»:

Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի կնիքով» բառերը փոխարինել «պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «եւ նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու» բառերը.

2) 1-ին մասի 14-րդ եւ 14.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 4-րդ եւ 5-րդ մասերից հանել «, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:».

3) 7-րդ մասը «կատարվում է» բառերից հետո լրացնել «, եւ դրա հիմքով նոր գրանցման վկայականը կամ տեղեկատվությունը տրամադրվում է» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: