Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«8.1. Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի /այսուհետ՝ Օրենսգիրք/ 37-րդ հոդվածի՝ ներկայումս գործող խմբագրության համաձայն՝ եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ակտերը ենթակա են կատարման անբողոքարկելի դառնալու դեպքում՝ հետեւաբար դրանցով արձանագրված խախտումների դեպքում ՎԻՎ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միայն դրանց անբողոքարկելի դառնալուց հետո:
Հիմք ընդունելով վերոնշյալ կարգավորումները եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Նախագծով սահմանված կարգավորումը կարող է վերաբերել միայն հատուկ հարկային օրենսդրության գործողության ոլորտում բացահայտվող իրավախախտումներին՝ Նախագծով ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 8.1 մասով, որով սահմանվել է, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը:
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է սույն նախագիծը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
4. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Նախագծով սահմանված կարգավորումը կարող է վերաբերել միայն հատուկ հարկային օրենսդրության գործողության ոլորտում բացահայտվող իրավախախտումներին՝ ՎԻՎ օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 8.1 մասով, որով սահմանվել է, որ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
6 հունիսի 2019 թվականի N 736 - Ա
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. հունիսի 14 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 736- Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Հարգանքով` | ՆԻկոլ Փաշինյան |