Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (24 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-200) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 հոդվածով՝
«Հոդված 21 . Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր ՝ նշվում է փետրվարի 28-ին՝ աշխատանքային օր»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին»ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1988-1991 թվականների ընթացում Ադրբեջանի ԽՍՀ-ում սանձազերծված հալածանքների եւ ջարդերի հետեւանքով բռնագաղթի ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր, որոնց ոտնահարված իրավունքների պաշտպանության հարցը ներկայումս եւս արդիական է։
Փետրվարի 28-ը ինքնաբուխ կերպով արդեն տարիներ ի վեր նշվում է որպես Սումգայիթի զոհերի հիշատակի օր։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը նպատակ է հետապնդում այդ օրը հռչակել Ադրբեջանի ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերում զոհված հայերի հիշատակի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնագաղթված հայերի իրավունքների պաշտպանության օր։