ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով սահմանվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) կարգավիճակը, լիազորությունների շրջանակը, նշանակման կարգը, Ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) կարգավիճակը, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը
1. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա), սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրեր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր:
2. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն առաջնորդվում է նաեւ Եվրոպական դատարանի կանոնակարգով եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) վճիռների եւ բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողության վերաբերյալ կանոնակարգով:
ԳԼՈՒԽ 2
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3. Ներկայացուցչի կարգավիճակը
1. Ներկայացուցչի պաշտոնը վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված պետական վարչական պաշտոն է:
2. Ներկայացուցիչը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում, կազմակերպում Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների եւ որոշումների կատարումը, ինչպես նաեւ նպաստում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրմանը:
3. Ներկայացուցիչը համակարգում եւ վերահսկում է Գրասենյակի գործունեությունը: Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում եւ սահմանված դեպքերում կնքում է Ներկայացուցիչը: Այս լիազորությունները Ներկայացուցչի որոշմամբ կարող են պատվիրակվել Գրասենյակի ղեկավարին, ինչպես նաեւ Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ նրա համակարգմանը վերապահված բնագավառում:
4. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել քաղաքական չեզոքություն:
5. Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որեւէ անձի Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք Եվրոպական դատարանից ստացվել են իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով Եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շահերը:
6. Ներկայացուցիչը չի կարող Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այն գործով, որում ունի անձնական շահ կամ Եվրոպական դատարանում եղել է իբրեւ այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որեւէ այլ կարգավիճակով:
Հոդված 4. Ներկայացուցչին ներկայացվող պահանջները եւ նշանակման կարգը
1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին եւ անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
2. Ներկայացուցիչը նշանակվում եւ ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից: Ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը երկամսյա ժամկետում նշանակում է նոր Ներկայացուցիչ:
Հոդված 5. Ներկայացուցչի տեղակալը եւ Ներկայացուցչին փոխարինելը
1. Գրասենյակի ղեկավարն ի պաշտոնե Ներկայացուցչի տեղակալն է:
2. Ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաեւ Ներկայացուցչի բացակայության կամ կոնկրետ գործով շահերի բախման դեպքերում նրան փոխարինում է Գրասենյակի ղեկավարը:
Հոդված 6. Ներկայացուցչի Գրասենյակը
1. Ներկայացուցչին սույն օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվում է Գրասենյակը:
2. Գրասենյակի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ Ներկայացուցչին:
3. Գրասենյակը՝
1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը.
2) օժանդակում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների եւ որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
3) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրմանը:
4. Գրասենյակն աջակցում է Ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության շահերը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ ատյաններում ներկայացնելիս:
5. Գրասենյակի ղեկավարի տեղակալը եւ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա:
ԳԼՈՒԽ 3
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Եվրոպական դատարանում ներկայացնելիս
1. Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
2) գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ՝ բարեկամական կարգավորման ձեւով խնդրի լուծման նպատակով կամ հանդես գալիս միակողմանի հայտարարությամբ.
3) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո, Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ.
4) կազմակերպում է Եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման ընթացքը.
5) Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու միջնորդություն է ներկայացնում:
2. Ներկայացուցիչն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնել միջպետական գանգատ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
Հոդված 8. Ներկայացուցչի լիազորությունները Եվրոպական դատարանի վճռի կամ որոշման կատարման փուլում
1. Ներկայացուցիչը՝
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործընթացը.
2) առաջարկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն ուղղված միջոցառումներ.
3) Նախարարների կոմիտեի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման առնչությամբ տեղեկատվություն.
4) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման շրջանակներում Նախարարների կոմիտեից ստացված հարցումներին պատասխանելու գործընթացը.
5) մասնակցում է Նախարարների կոմիտեի նիստերին.
Հոդված 9. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման ոլորտում
1. Ներկայացուցիչը, կարող է՝
1) իրավասու մարմիններին ներկայացնել մարդու իրավունքների միջազգային եւ եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ.
2) մինչեւ մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնել գրավոր կարծիք.
3) ուսումնասիրել համապատասխան ոլորտների պրակտիկան եւ անհրաժեշտության դեպքում հանդես գալ բարելավման եւ մարդու իրավունքների միջազգային եւ եվրոպական իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններով:
Հոդված 10. Ներկայացուցչի այլ լիազորությունները
1. Ներկայացուցիչն իրավասու է նաեւ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս ներգրավել փորձագետներ եւ մասնագետներ, այդ թվում՝ գիտական կամ այլ հաստատություններից.
2) իր լիազորությունների շրջանակներում համագործակցել միջազգային եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ կառույցների հետ.
3) Եվրոպական դատարանին առաջարկել այն անձանց թեկնածությունները, որոնք Եվրոպական դատարանի կանոնակարգի համաձայն կարող են հանդես գալ կոնկրետ գործով (ad hoc) դատավորի կարգավիճակով.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ ատյաններում.
5) իրականացնել Եվրոպական դատարանի կանոնակարգով կողմին վերապահված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարումից բխող այլ լիազորություններ:
Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը
Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 12. Հաշվետվողականությունը
Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ տարվա իր գործունեության մասին:
Հոդված 13. Ներկայացուցչի հարաբերությունները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ իր լիազորությունների իրականացման ընթացքում
1. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ աջակցություն:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ Եվրոպական դատարանի, Նախարարների կոմիտեի կամ միջազգային այլ ատյանների սահմանած ժամկետներով պայմանավորված Ներկայացուցչի մատնանշած ժամկետում, Ներկայացուցչին տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն:
ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 15. Անցումային դրույթներ
1. Ներկայացուցիչը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:
2. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
3. Գրասենյակը ստեղծվում եւ Գրասենյակի կանոնադրությունը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում: