Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1108-26.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (02 մայիսի 2001 թվականի ՀՕ -185) 66-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.՝

«Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքում՝ Երեւան քաղաքում, քաղաքային համայնքներում, ինչպես նաեւ առողջարարական կամ հանգստի համար նախատեսված տարածքներում օտարվող անշարժ գույքի՝ շենքի, շինության օգտագործման եւ սպասարկման համար սահմանված կարգով տրամադրված հողամասերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել ոչ պակաս քան տվյալ պահին գործող կադաստրային գինը։»։

Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողօրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման գործընթացում մասնավորեցվող օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար օտարվող հողամասերի գնորոշման առանձնահատկությունների օրենսդրական կարգավորման անհրա՟ժեշտությամբ:

ՀՀ Հողային օրենսգրքի գործող նորմերի պահանջների համաձայն հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, որի պարագայում մասնավորեցվող պետական գույքի կազմում ընդգրկված հողամասերը ձեռքբերողին պետք է օտարվեն դրանց կադաստրային արժեքին հավասար գնով։ Նշված դրույթի կիրարկման արդյունքում ոչ միշտ է հնարավոր լիմում ապահովելու պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը, քանի որ որոշ դեպքերում մասնավորեցման ենթակա գույքի կազմում հողամասը առավել արժեւորված է քան դրան ամրակայված շենք, շինությունները։

Մասնավորապես խոսքը վերաբերում է Երեւան քաղաքում, քաղաքային համայնքերում, ինչպես նաեւ առողջարարական կամ հանգստի համար նախատեսված վայրերին, որտեղ անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ պայմանավորված՝ հողամասերի կադաստրային արժեքների եւ շուկայական գների միջեւ առկա է բավականին մեծ տարբերություն։ Այդ իսկ պատճառով տվյալ վայրերում հողամասերը միայն դրանց կադաստրային արժեքին հավասար գներով մասնավորեցման պահանջը հանգեցնում է պետական սեփականություն հանդիսացող հողամասերի՝ դրանց իրական արժեքից էապես ցածր գներով օտարմանը, որը մի կողմից չի ապահովում պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը՝ պետական եկամուտների ապահովման տեսանկյունից, իսկ մյուս կողմից անհավասար պայմաններ է ստեղծում նման հողամասերը ձեռքբերած սուբյեկտների եւ անշարժ գույքի շուկայի մյուս մասնակիցների համար։