Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-219-09.07.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի (ա), (բ), (գ), (դ) կետերում «ավանդատուն» բառից առաջ ավելացնել «ռեզիդենտ» բառը:

2. Նույն մասի (դ) կետի վերջակետը փոխարինել միջակետով։

3. Նույն մասը լրացնել նոր (ե), (զ), (է), (ը) կետերով.

«ե) եթե ոչ ռեզիդենտ ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնհինգ միլիոն հայկական դրամ է.

զ) եթե ոչ ռեզիդենտ ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է.

է) եթե ոչ ռեզիդենտ ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը տասը միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ տասնհինգ միլիոն հայկական դրամով.

ը) եթե ոչ ռեզիդենտ ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է տասը միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` տասը միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:»։

4. Նույն հոդվածը լրացնել նոր 1.1-ին կետով.

«1.1. Սույն հոդված 1-ին մասի իմաստով՝ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈւՑՈւՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ


Ավանդների երաշխավության համակարգը բավական կարեւոր գործիք է բանկային համակարգի հուսալիության տեսանկյունից, միեւնույն ժամանակ այն հանդիսանում է կարեւորագույն գործոն ավանդ ներգրավելու համար։ Դրա շնորհիվ է նաեւ, որ վերջին տարիներին նկատվում է ավանդների աճ առեւտրային բանկերում:

Գաղտնիք չէ, որ սփյուռքում բնակվող մեր որոշ հայրենակիցներ, ցանկանալով Հայաստանում փոքր ներդրում կատարել, ընտրում են ամենապարզ մոդելը՝ ավանդ ներդնել առեւտրային բանկերում: Ֆինանսական այլ գործիքների թերզարգացածությունը եւ ավելի բարձր ռիսկայնությունը հնարավորություն չի տալիս ընտրել ներդրումների այլ եղանակներ:

Այս համատեքստում նպատակահարմար է ավելացնել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ավանդների երաշխավորության չափերը, քանի որ նրանք, հիմնականում չբնակվելով Հայաստանում, ունեն ավելի սահմանափակ տեղեկություն բանկային համակարգի եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ, հետեւաբար ավանդ ներդնելու մասով գրեթե ամբողջությամբ վստահում են ավանդների երաշխավորության համակարգին:

Առաջարկվում է դրամով ավանդների համար սահմանել 15 մլն ՀՀ դրամ, արտարժույթով ավանդների համար՝ 10 մլն ՀՀ դրամ երաշխավորված ավանդի չափ:

Այս փոփոխությունը կարող է դառնալ սփյուռքի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը մասնակցելու խթան, ինչպես նաեւ բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ գրավչությունն օտարերկրացիների մոտ՝ հաշվի առնելով նաեւ, որ ոչ ռեզիդենտների խնայողություններն էականորեն ավելի մեծ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողություններից եւ առկա երաշխավորության չափերից: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

Ո Ր Ո Շ Ու Մ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈւՑՈւՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հուլիսի 03-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

03 հուլիսի 2019թ.


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Փաթեթին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- դրա ընդունման հիմնավորումը,
-  տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները։
Նախագծի հիմնական զեկուցողն է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մանե Թանդիլյանը։
 
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ։
 
Հարգանքով՝     ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ