Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`.
«ռեկրեացիոն գոտիներ՝ բնակլիմայական պայմանների եւ պատմամշակութային ներուժի հիման վրա ձեւավորվող ու ռեկրեացիայի նպատակով օգտագործվող բացօթյա (ցամաքային կամ ջրային) տարածքներ՝ նախատեսված հանգստի եւ տուրիզմի կազմակերպման համար, որոնք ներառում են բնական լանդշաֆտներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության եւ պատմամշակութային հուշարձաններ եւ այլն»:
Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.
«Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական եւ ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված կլինեն մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, կնպաստեն ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակի ռեկրեացիոն նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները եւ վնաս չեն պատճառի մարդկանց առողջությանը:
Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 114-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետը «հանգստի» բառից հետո լրացնել «, ռեկրեացիայի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը եւ արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ՝ ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում, կետով նախատեսվում է մշակել նորմատիվ իրավական ակտ: Սակայն, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի եւ 2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» (ՀՕ-180-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ մշակվում է Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կողմից: Հետեւաբար ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ? Նախագծով ներկայացված փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում լրացում կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին, 23-րդ եւ 114-րդ հոդվածներում, որոնցով ամրագրվել են «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը, ստեղծվել է իրավական հիմք ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար եւ լրացում է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63?6-րդ հոդվածում, որով ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ հիմքեր կստեղծվեն ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2019 թվականի N 797 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. հուլիսի 2
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի N 797- Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հարգանքով՝ ՆԻկոլ Փաշինյան