Հոդված 1. «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Անձնական գործում նշվում են նաեւ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի անունը, ազգագանունը եւ հայրանունը:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով. «5.1. Անձնական գործն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, Վարչապետն իրազեկում է ներման խնդրագրի մասին տուժողին կամ տուժողի իրավահաջորդին: Տուժողը կամ տուժողի իրավահաջորդը իրավունք ունեն ներկայացնել իրենց դիրքորոշումը ներման խնդրագրի վերաբերյալ Վարչապետին եւ Հանձնաժողովին: Մինչեւ ներում շնորհելու կամ ներման շնորհելը մերժելու հրամանագրի հրապարակումը տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կողմից ներման խնդրագրի վերաբերյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն, որի մասին տուժողը կամ տուժողի իրավահաջորդը ծանուցվում են:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասում «ուղարկում ներման խնդրագիր ներկայացրած անձին, նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաեւ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարություն» բառերը փոխարինել «հրապարակում է հրամանագիրը» բառերով
1) 6-րդ մասում «ուղարկում է ներման խնդրագիրը ներկայացրած անձին, նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաեւ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարություն» բառերը փոխարինել «հրապարակում է հրամանագիրը» բառերով
2) լրացնել հետեւյալ բովանադակությամբ 6.1-ին մասով. «6.1.Հրամանագիրը հրապարակելիս նշվում են Հանձնաժողովի կողմից ներման խնդրագիրը ստանալու, Հանձնաժողովի կողմից վարչապետին եզրակացություն ներկայացնելու, Վարչապետի կողմից Հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնելու ժամկետները:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Առկա վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս «Ներման մասին» ՀՀ օրենքում նախատեսված չեն որեւէ ընթացակարգեր տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար, ինչի հետեւանքով նրանք զրկված են ներման խնդրագրի քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը լսելի դարձնելու համար: Արդյուքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տուժողը նույնիսկ դատապարտյալին ներում շնորհելուց հետո էլ տեղյակացված չլինի ներման մասին: Բացի դրանից նախատեսված չեն ընթացակարգեր ներում շնորհելու կամ ներումը մերժելու հրամանագրի վերաբերյալ հասարակությանը իրազեկելու, մինչդեռ հատկապես վերջին շրջանում նշված հարցի վերաբերյալ հասարակական տարբեր շրջանակներում քննարկումներ վկայում են, որ նման անհրաժեշտությունը առկա է:
Առաջարկվող կարգավորումը, ակնկալվող արդյունքը
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է տուժողին ներման գործընթացի վերաբերյալ ծանուցելու ընթացակարգ: Մասնավորապես՝ առաջարկվում է կարգավորում, որով տուժողը կամ տուժողի իրավահաջորդը իրավունք կունենա ներկայացնել իր դիրքորոշումը ներման խնդրագրի վերաբերյալ Վարչապետին եւ Հանձնաժողովին: Սրա հետ մեկտեղ գործընթացի անաչառությունը ապահովելու եւ ամեն տեսակ ազդեցությունից խոսափելու համար ամրագրվում է, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման տվյալները մինչեւ վերջնական որոշման կայացումը:
Միեւնույն ժամանակ նախագծով առաջարկվում է ներում շնորհելու կամ ներում շնորհումը մերժելու հրամանագրի հրապարակման հնարավորություն: Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա, այդ իսկ պատճառով առաջարկվում է հրապարակումը վերջնական որոշման կայացումից հետո:
Առաջարկվող կարգավորումների արդյունքում, հասարակությունը հնարավորություն կունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել:
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ներման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան).
2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.
3) գործող օրենքների լրացվող եւ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ