Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «վեցամսյա» բառից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն`
«Ազգությամբ հայերի` քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումները քննարկվում են երեքամսյա ժամկետում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`
1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7) սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Նույն Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որը մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-319-Ն օրենք)
4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.
5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ պարզեցված կարգը ենթադրում է, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար իմպերատիվ բնույթ չեն կրում վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու եւ հայերեն լեզվի իմացության օրենսդրական պահանջները:
Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող ազգությամբ հայերի համար ամրագրել նաեւ ընթացակարգային արտոնություն` նախատեսելով վերջիններիս` քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումների քննարկման գործող վեցամսյա ժամկետի փոխարեն երեքամսյա ժամկետ:
Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումը թույլ կտա որոշակիորեն խրախուսել մեր հայրենակիցների ներգաղթը ՀՀ, որն էլ, իր հերթին, երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի ժողովրդագրական պատկերի բարելավմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
049
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են
1. օրենքի նախագիծը
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 4 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ