Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-236-25.07.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 18-րդ մասի «երեսնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառերով.

«18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դրանց թիվը տարեցտարի աճում է: Աճում է նաեւ պատահարների հետեւանքով մահացած եւ վնասվածքներ ստացած անձանց թիվը:
Այսպես, եթե 2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում տեղի է ունեցել 1362 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով մահացել է 114 մարդ, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1976-ը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 1663 պատահար, զոհվել է 122 մարդ, իսկ վնասվածքներ ստացել 2413-ը: Այսինքն՝ աճել է թե պատահարների, թե զոհերի եւ թե վնասվածքներ ստացած անձանց թիվը: Դիտարկումները ցույց են տալիս, որ զոհերի եւ վնասվածքներ ստացած անձանց թիվը հատկապես շատ է լինում, երբ պատահարը տեղի է ունենում տրանսպորտային միջոցների հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու հետեւանքով: Նման մի քանի ողբերգական դեպքեր տեղի են ունեցել վերջին ժամանակահատվածում, որոնց հետեւանքով ունեցանք տասից ավելի զոհ եւ տուժածներ:

Գործող օրենսդրության պայմաններում հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար սահմանված է 30,000 ՀՀ դրամի չափով տուգանք: Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս տուգանքի այդ չափը բավարար չափով զսպող ուժ չունի եւ չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը: Հնարավոր է, որ այդ կարգավորումը սահմանելիս տուգանքի այդ չափը բավարար է եղել, սակայն ներկայումս ակնհայտ կարիք է զգացվում նման խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցը խստացնել, ինչով եւ պայմանավորված է տուգանքի չափը մինչեւ 150,000 ՀՀ դրամ սահմանելու սույն առաջարկի ներկայացումը:

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Պարզ է, որ միայն տվյալ փոփոխության արդյունքում նշված ոլորտի բոլոր խնդիրները լուծում չեն ստանա, սակայն ակնկալվում է, որ հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր եւ ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի զոհերի եւ վնասվածների թվի նվազեցմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Նամակ

Նամակ