Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-239-25.07.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի (ՀՕ-238-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Oրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ  խմբագրությամբ.

«1.1. Սույն Օրենքով են կարգավորվում նաեւ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներով տեսանկարահանված կամ լուսանկարահանված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները»:

Հոդված 2. Օրենքը լրացնել 7.3., 7.4. եւ 7.5. հոդվածներով հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7.3. Ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի առանձնահատկությունները.

1. Ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե.

1) ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ (այսուհետ՝ բջջային հավելված), որը հնարավորություն է տալիս նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաեւ պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը.

2) իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

2. Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը) եւ դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Վարչական մարմինը պարտավոր է բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված) ֆիզիկական անձանց համար:

Հոդված 7.4. Վարչական վարույթի արդյունքների մասին ֆիզիկական  անձին տեղեկացնելը

Վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին  էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար սույն Օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո մեկօրյա ժամկետում՝ ֆիզիկական անձի բջջային հեռախոսին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 7.5. Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցման անթույլատրելիությունը

1. Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված անձին, նրա ներկայացուցչին եւ երրորդ այլ  անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը կամ իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ վարչական մարմնին հայտնի դարձած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է օրենքով:

2. Ֆիզիկական անձի գրավոր համաձայնությունը ներկայացնելու պարտականությունը կրում է անձնական տվյալները հայցողը»:

Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացիների մոտ էապես բարձրացել է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ: Վստահության մակարդակի բարձրացմանը զուգահեռ քաղաքացիներն այսօր ավելի պատրաստակամ են համագործակցել ոստիկանության հետ:

Սոցիալական ցանցերում ստեղծված մի քանի խմբեր, որոնց անդամների թիվը գերազանցում է տասնյակ հազարները, օրական հարյուրավոր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ճանապարհային երթեւեկության խախտումների վերաբերյալ: Այս խմբերում ներգրավված մարդիկ ցանկանում են մասնակից լինել ճանապարհաին երթեւեկության անվտանգության ապահովման գործընթացներում: Նրանք նկարահանում են իրենց տեսադաշտում հայտնված երթեւեկության խախտումները, այլ իրավախախտումներ ու հրապարակում՝ այսպիսով փորձելով ինչ-որ բան փոխել սեփական երկրի կյանքում: Սակայն այդ նպատակի իրագործման համար չկան համապատասխան օրենսդրական մեխանիզմներ: Միաժամանակ այսօր չկան նաեւ այնպիսի օրենդրական կարգավորումներ, որոնք թույլ կտան գոնե պաշտպանել այդ մարդկանց, որոնք ամեն տեսանյութ հրապարակելուց հետո ենթարկվում են բազմատեսակ սպառնալիքների: Իրավախախտներից ոմանք նույնիսկ դատարանով են սպառնում տեսանյութեր նկարող եւ տարածող քաղաքացիներին՝ մատնանշելով օրենդրական մեխանիզմների բացակայությունը:

Հասկանալով, որ միայն իրավագիտակից քաղաքացին է ունակ ստեղծելու հզոր երկիր՝ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք այդ քաղաքացու համար ստեղծված օրենդրական գործիքներ, անվտանգության երաշխիքներ: Ուստի անհրաժեշտ է ներդնել օրենսդրական գործիքակազմ, որը թույլ կտա օրենքով սահմանված կարգով ընթացք տալ քաղաքացու հեռախոսի կամ վիդեոռեգիստրատորի տեսադաշտում հայտնված իրավախախտմանը:

Հատկանշական է, որ սոցիալական ցանցերում ստեղծված այս խմբերում ծավալվող քննարկումներին շարքային քաղաքացիների հետ միասին ակտիվորեն մասնակցում են նաեւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները, ինչը նույնպես փաստում է համագործակցության բարձր մակարդակի մասին:

Հիմնավորման այս հատվածում հարկ եմ համարում մեջբերել «Մի? արեք այսպես» ֆեյսբուքյան բազմահազարանոց խմբի անդամների կողմից ինձ ուղարկված հաղորդագրությունից մի հատված. «Մենք (կամ հասարակության մի ստվար զանգված) պետությունը ընկալում ենք ինչ-որ օտար, հեռու, մեզնից անկախ, մեծ հնարավրություններով օժտված, բայց եւ մեր հետ կիսվելու ցանկություն չունեցող ու նաեւ մեզ անվերջ պարտական մի մարմին: Իսկ մենք մեր կողմից կարծում ենք, որ մենք ոչինչ պարտական չենք պետությանը: Ունենք իրավունք պահանջելու, ունենք իրավունք ստանալու, բայց չունենք պարտավորություն տալու: Բայց չէ որ համաձան Սահմանադրության երկրի իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար նաեւ վերահսկողությունն է քաղաքացիների ձեռքերում: Հասունացել է երթեւեկության հանրային վերահսկողության գաղափարը»:

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ՏՎՅԱԼՆԵՐ

2008թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների թվաքանակը ամեն տարի պակասել է եւ հասել իր ամենացածր շեմին՝ 2016թ.՝ 267 զոհ: Սակայն դրան հաջորդող տարիներին կրկին աճողական տեմպ է գրանցվել՝ 2017թ.՝ 279 զոհ, 2018թ.՝ 343 զոհ, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսների տվյալներով նախորդ 2018թ. նույն ժամանակահատվածի համար 8-ով ավելացել են մահվան դեպքերը: Ավելացել են նաեւ ընդհանուր ՃՏՊ-ների ու վիրավորների  թիվը:

Մեր երկրում վերջին 1 տարվա ընթացքում ստատիկ դիրքերում նոր տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքավորումներ չեն ավելացել, ինչի հետեւանքով որոշ կարգազանց վարորդներ հետզհետե ավելի են շատացնում իրենց կարգազանցությունները, ինչի հետեւանքով մահացությունների դեպքերը ՃՏՊ-ների հետեւանքով ավելի արագ տեմպերով են շատանում:

Մայրաքաղաքում առավել վտանգավոր եւ երթեւեկության մասնակիցների կյանքին վտանգ սպառնացող խախտումներից են հանդիպակաց գոտի դուրս գալը չթույլատրված վայրերում, կարմիր լույսի տակ խաչմերուկն անցնելը, հետիոտնային անցման վրա կայանելը, ինչպես նաեւ մայթի վրա կայանելը եւ վարելը, իսկ երկրորդ շարքում կայանելու հետեւանքով մայրաքաղաքում անվերջ են թվում խցանումները:

Առավել աչքի ընկնող եւ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունեցող խախտումներից է, ինչպես նշեցի, հետիոտնի անցման վրա կայանելը, որոնք հարմարեցված են մանկասայլակով զբոսնող քաղաքացիների, ինչպես նաեւ հատուկ շարժական հարմարանքներով տեղաշարժվողների համար, եւ դրանով իսկ խոչընդոտում են մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, որը օրենքով վերապահված է հենց նման մարդկանց խմբերի տեղաշարժման համար:

Այս նախագիծը կյանքի կոչելու դեպքում նախատեսվում է ամբողջական գործընթացը ավտոմատացնել, զերծ պահել մարդկային գործոններից եւ ազդեցություններից, բայց միեւնույն ժամանակ այս մեխանիզմը կօգնի երթեւեկության մեջ հայտարարել հավասարություն բոլոր վայրերում՝ անկախ նրանից այդտեղ կա ստատիկ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումներ թե ոչ:

Դեռեւս 2018թ. հունիսի  15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պետությունը պետք է համագործակցի քաղաքացու հետ, ինչի արդյունքում քաղաքացիները սկսեցին համագործակցել ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ: Նույն հանձնարարությունը վարչապետի կողմից արվեց նաեւ սույն թվականի ապրիլի 19-ին:

Առկա համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքում:

Լրացումներով պետք է ամրագրել ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրելու եւ միաժամանակ այդ խախտումներն արձանագրած նյութերի հիման վրա վարչական վարույթ հարուցելու հնարավորությունը: Խախտումները պետք է արձանագրվեն բջջային հեռախոսներով կամ տեխնիկական տվյալներին համապատասխանող էլեկտրոնային այլ սարքերի միջոցով, որոնց համար կստեղծվի պետական սեփականություն հանդիսացող եւ համապատասխան մարմնի կողմից վերահսկվող ու կառավարվող էլեկտրոնային հավելված:

Ե՛վ խախտումն արձանագրած անձանց, եւ՛ ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելու, համակարգչային միջամտությամբ մոնտաժը բացառելու, վարչական իրավախախտման վայրը եւ ժամը հստակ արձանագրելու համար իրավախախտումը էլեկտրոնային հավելվածի միջոցով պետք է կատարվի միայն օնյալն ռեժիմով: Այսինքն՝ խախտումն արձանագրող անձինք ոչ թե կհավաքագրեն տրանսպորտային միջոցների ու նրանց օգտագործողների վերաբերյալ տվյալները, այլ օնլայն ռեժիմով լուսանկարներն ու տեսանյութերը կփոխանցեն վարչական մարմնին:

Հավելվածում գրանցվելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց նույնականացման տվյալները, որոնք ենթակա չեն հրապարակման:

Քաղաքացիներին իրավախախտումները արձանագրելու համար որեւէ աջակցություն չի տրամադրվելու:

Շահերի բախումը եւ միտումնավոր գործունեությունը բացառելու նպատակով ամրագվելու են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, քաղաքացին միեւնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ իրավախախտման հայտ կարող է փոխանցել ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ:

Երթեւեկության հանրային վերահսկման այս մեխանիզմի միջոցով ցանկացած քաղաքացի կարող է դառնալ վերահսկող, որի արդյունքում վարորդները ավելի զգոն եւ սթափ կլինեն մեքենան վարելիս:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ նմանատիպ իրավակարգավորումներ գործում են աշխարի մի շարք երկրներում: Ավելին, որոշ երկրներում ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցում անգամ քաղաքացիների հեռախոսազանգերով՝ իրավախախտման մասին բանավոր ծանուցվելուց հետո:

Մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում արդեն մի քանի տարի է գործում է հեռախոսային հավելված, որը կոչվում է «Մոսկվայի օգնական»: Հիշյալ հավելվածը հիմնականում կիրառվում է մայթերին եւ այլ վայրերում սխալ կայանած մեքենաներին տուգանելու վրա: Հավելենք, որ այս գործիքակազմն ավելի արդյունավետ կիրառվելու համար ՌԴ օրենսդիրը արդեն իսկ շրջանառության մեջ է դրել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նպատակ ունի վերացնելու հիշյալ հավելվածի կիրառման հակասությունները գործող օրենսդրական կարգավորումների հետ: Նման մեխանիզմ գործում է  նաեւ Տաջիկստանում:

Իսկ ԱՄՆ-ում առանց էլեկտրոնային հավելվածի ցանկացած անձ կարող է զանգահարել 911 եւ պարզապես հայտնել որեւէ տրասպորտային միջոցի կողմից կատարված իրավախախտման մասին, որից անմիջապես հետո ոստիկանությունը սկսում է համապատասխան գործողություններ իրականացնել: Ընդ որում՝ ԱՄՆ-ում՝ հենց երթեւեկելի հատվածներում, մեծ պաստառներով տեղեկություններ են զետեղված բոլոր քաղաքացիների համար հետեւյալ գրությամբ. «Տեսնում եք կարգազանց վարորդ, զանգահարե՛ք 911»:

Սա վկայում է պետություն-քաղաքացի-օրենք փոխադարձ վստահելիության մասին, որտեղ քաղաքացու տեսածը հիմնավոր է համարվում, իսկ ոստիկանի գործողությունները կասկածի տեղիք չեն տալիս:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


  24 հուլիս 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

-օրենքի նախագիծը,

-օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

-գործող օրենքի լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝  (9) էջ:
 
 

ԱԺ պատգամավոր՝  Սիսակ Գաբրիելյան