Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա համայնքի ղեկավարի որոշմամբ օրինական ճանաչված ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի եւ համապատասխան հողամասի նկատմամբ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման համար սույն օրենքով նախատեսված տուրքի գումարը վճարվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի մեկ ութերորդի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ օրենքների ընդունման անհրաժեշտությունը.
Սկսած 1990-ական թվականներից ՀՀ ողջ տարածքում իրականացվել են բազմաթիվ ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում՝ միայն Երեւան քաղաքում առկա է ավելի քան 35000 ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում:
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցներն օրինական ճանաչելիս, այդ կառույցները եւ դրանց զբաղեցրած, սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ հողամասերն օտարվում են տվյալ կառույցն իրականացրաձ անձին: Ընդ որում, բացի նշված կարգով սահմանված այլ պայմաններից, օտարման առաջարկ ներկայացվում է այն դեպքում, եթե տվյալ կառույցի զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով փոխանցումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտեւորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների եւ քաղաքաշինական ծրագրերի պահանջներին:
ՀՀ համայնքներում՝ առավելապես Երեւան քաղաքում, ինքնակամ կառույցների զգալի քանակի առկայությունը, այդ կառույցների օրինականացման հարցը քննարկելու ժամանակատվածում դրանց օրինականացումը մերժելու օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունը, հետագայում լրջագույն դժվարություններ են առաջացնում համայքներում, առավելապես՝ Երեւան քաղաքում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգելու, հետեւաբար եւ Երեւան քաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու հարցում: Մասնավորապես՝ համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման)` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծով, որոնք ենթարկվում են փոփոխության՝ դրանց կենսունակության բարձրացման անհրաժեշտությունից, սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններից ելնելով եւ այլ հիմնավորումներով: Քաղաքաշինական կանոնակարգման գործընթացում հաճախ խոչընդոտ են հանդիսանում հենց այդ կամայական կառուցապատումները, այն կառույցները, որոնք ժամանակին հանդիսանալով ինքնակամ շինություններ, օրինականացման արդյունքում դարձել են այլ անձանց սեփականություն: Այս դեպքում արդեն տեղական իշխանության եւ գույքի սեփականատիրոջ միջեւ սկսվում է բանակցային գործընթաց, համաձայնությունների ձեռք բերում, որը հաջողությամբ չավարտվելու դեպքում ծագում է վեճ, դատական գործընթաց եւ ոչ միշտ է, որ հարցը ստանում է դրական լուծում:
ՀՀ կառավարությունը 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշմամբ հաստատվել է Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը 2005-2020 թվականների համար: Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին, որը թելադրում է նոր մոտեցումներ եւ քաղաքաշինական ռազմավարություն՝ Երեւան քաղաքի հետագա զարգացումն ապահովելու համար:
Հաշվի առնելով Երեւան քաղաքի առանձնահատկությունները, ինքնակամ կառույցների տնօրինման մասով մշակվել է օրենսդրական փաթեթ (վերանայվել են քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. հ. 912-Ն որոշման եւ այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներով նախատեսված կարգավորումները):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման ծառայության մատուցման համար գանձվում է 25000 դրամ:
«Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար պետական տուրքը սահմանված է 1000 դրամ:
Այսպիսով, յուրաքանչյուր ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար համայնքները վճարում են 26000 դրամ (35000x26000=910.000.000 դրամ):
Բացի այդ, Երեւան համայնքը՝ նախքան ինքնակամ շինություն հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, մեկ միավոր ավտոտնակի զբաղեցված հողամասի տեղագրական հանույթի, հողամասի հատակագծի կազմման եւ ավտոտնակի չափագրման ծառայությունների ձեռք բերման համար միջինը վճարում է շուրջ 100 հազ. դրամ:
Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագծով առաջարկվում է համայքներին տրամադրել արտոնություն՝ ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի եւ ծառայությունների մատուցման վճարների գումարների վճարումը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի եւ ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով:»:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության համայնքներին հնարավորություն կընձեռվի պետական տուրքի եւ վճարի գումարները վճարել տարաժամկետ կարգով, որով հնարավորություն կստեղծվի նաեւ ավելի արդյունավետ օգտագործել բյուջեների միջոցները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2019 թվականի N 857 - Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. հուլիսի 11
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 857-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարգանքով` ՆԻկոլ Փաշինյան