Armenian ARMSCII Armenian
Կ-1110-01.03.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82-Ն) 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետում «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օտարերկրյա արժեթղթերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխման եւ հրապարակային առուվաճառքի կարգը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Օտարերկրյա արժեթուղթ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից թողարկված արժեթուղթը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաներում առեւտրին թույլատրված ցանկացած արժեթուղթը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել

ա) նոր «ժ» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժ) օտարերկրյա այն արժեթղթերով, որոնք գրանցված են կամ որոնց ազդագիրը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը գրանցված է օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող համապատասխան պետական մարմիններում, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ եւ (կամ) այն օտարերկրյա արժեթղթերով, որոնք թույլատրված են առեւտրին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաներում՝ տվյալ բորսաների կողմից սահմանված կարգով: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի սահմանել սույն ենթակետով սահմանված բացառություն կազմող օտարերկրյա արժեթղթերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:».

բ) նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ

« Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում սույն հոդվածի ժ) ենթակետով սահմանված արժեթղթերի վաճառքի նկատմամբ ներկայացվող պահանջներ եւ կարգ:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «երեք օրինակից, որոնք պետք է ստորագրված լինեն» բառերը փոխարինել «մեկ օրինակից, որը պետք է ստորագրված լինի» բառով:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «6 հոդվածի «ա», «բ», «գ» եւ «ը»» բառերը փոխարինել «6 հոդվածի «ա», «բ», «գ»,  «ը» եւ «ժ»» բառերով:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Բրոքերներին եւ դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք այն արժեթղթերով, որոնց գրանցումը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կասեցված է:»:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի.

ա) 1-ին եւ 2-րդ մասերի «(բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածին համապատասխան բացառություն կազմող արժեթղթերի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի առաջին պարբերության «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերի)» բառերով.

բ)  4-րդ մասից հետո լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ

«5. Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման եւ լսման հնարավորության ընձեռնման) իր որոշմամբ կասեցնել կամ արգելել Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով սույն օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի հրապարակային առաջարկը եւ(կամ) վաճառքը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տվյալ արժեթղթերի հրապարակային առաջարկը կամ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում վտանգում է ներդրողների շահերը:

Բրոքերներին եւ դիլերներին արգելվում է հրապարակային առաջարկ կամ վաճառք իրականացնել  այն արժեթղթերով, որոնց հրապարակային առաջարկը եւ(կամ) վաճառքն արգելված կամ կասեցված է սույն կետով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «28 հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել  «28 հոդվածի 2-րդ կամ 5-րդ կետերով» բառերով:

Հոդված 9.   41-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցանկացած արժեթուղթն է, որը գրանցվել է, կամ որի գրանցումը պահանջվում է սույն օրենքի III գլխի համաձայն, որը ցուցակված է ֆոնդային բորսայում, վաճառվում է ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն կամ հանդիսանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթուղթ:»:

Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «(բացի սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերից)» բառերը փոխարինել «(բացի սույն օրենքի 6 հոդվածի առաջին պարբերության «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերից)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել 7-րդ եւ 8-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Բրոքերները (դիլերները) մինչեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը եւ(կամ) վաճառելը պարտավոր են տվյալ արժեթղթերի եւ թողարկողի վերաբերյալ հրապարակել տեղեկություններ, որոնց կազմին եւ հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները կարող է սահմանել Կենտրոնական բանկը:

Բրոքերը (դիլերը) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով հրապարակված տեղեկատվության կեղծ, սխալ կամ ապակողմնորոշիչ լինելու համար, բացառությամբ, եթե ապացուցվի, որ  բավարար ջանքեր է գործադրել պարզելու համար այդ տեղեկատվության արժանահավատությունը եւ չէր կարող իմանալ այդ տեղեկատվության կեղծ, սխալ կամ ապակողմնորոշիչ լինելու մասին:»:

8. Բրոքերներին եւ դիլերներին արգելվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը եւ(կամ) վաճառելը, եթե նրանք գիտեին կամ կարող էին իմանալ օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող համապատասխան պետական մարմիններում կամ օտարերկրյա բորսաներում այդ արժեթղթերի գրանցման, ցուցակման կամ վաճառքի թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին:»: