Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-245-01.08.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 159-րդ հոդվածը լրացնել 3.1-ին մասով.

«3.1. Առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները փոխհատուցվում են Օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 160.1-ին հոդվածով.

«Հոդված 160.1.  Վճարված եկամտային հարկի գումարներից առողջության ապահովագրություն իրականացնելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարների վերադարձը

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարների չափով, ընդ որում վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր տարվա համար չի կարող գերազանցել 50 000 դրամը:

2. Սույն հոդվածը չի տարածվում Կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող վարձու աշխատողների վրա:

3. Սույն հոդվածով սահմանված գումարները՝

1) վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման 12-ամսյա պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ ժամանակահատվածի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված՝ եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ ժամանակահատվածի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված՝ եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները:

4. Եթե սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում՝

1) համապատասխան ժամանակահատվածի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի եւ եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ հարկային գործակալին կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան ժամանակահատվածի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի մասով, կամ հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ:

5. Սույն հոդվածով սահմանված՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների վերաբերյալ Կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Առողջապահական ծառայությունների որակի եւ հասանելիության տեսանկյունից շատ կարեւոր է առողջության ապահովագրության համակարգի զարգացումը: Թեեւ առողջության ապահովագրության համակարգը Հայաստանում պատշաճ գործում է, սակայն դրանից օգտվողների թիվը բավականին սահմանափակ է: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է ակտիվացնել կամավոր ապահոովագրության համակարգը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել քաղաքացիների կողմից ստացվող բժշկական ծառայությունների ծավալը, ինչպես նաեւ բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը բոլորի համար ու կստեղծի հավելյալ մրցակցային դաշտ, այդ թվում՝ ապահովագրական շուկայում:

Միեւնույն ժամանակ, առողջապահության ոլորտում դեռեւս առկա է ստվերային հատված, ինչը առողջության ապահովագրության պարագայում ամբողջությամբ վերանում է:

Նախագծով առաջարկվում է ներդնել բժշկական ապահովագրության խրախուսման համակարգ՝ վարձու աշխատողների կողմից վճարվող եկամտային հարկի վերադարձի միջոցով: Մասնավորապես, նախագծի ընդունման պարագայում վարձու աշխատողները հնարավորություն կունենան առողջության ապահովագրության ծառայություններից օգտվելու դեպքում պետական բյուջեից 12-ամսյա պարբերականությամբ հետ ստանալ վճարված ապահովագրավճարներից մինչեւ 50 000 դրամ գումար:

Բոլոր վարձու աշխատողների կողմից նշված արտոնության օգտագործման պարագայում պետական բյուջեի ծախսը կկազմի մոտ 15 մլրդ դրամ՝ հաշվի առնելով փոխհատուցումներից բժշկական հաստատությունների կողմից վճարվող եւ ապահովագրական ընկերությունների կողմից վճարվող լրացուցիչ հարկերը: Ընդ որում, առաջարկով նախատեսվում է պետական բյուջեից գումարների վերադարձ 12-ամսյա պարբերականությամբ եւ խրախուսման համակարգի 2020 թվականից ներդրման պարագայում բյուջետային ծախսերը կկատարվեն 2021 թվականից:

Պետական բյուջեի ընդամենը 1% լրացուցիչ այս ծախսը պետք է դիտարկել որպես առողջապահության ոլորտում լավագույն ներդրում, ինչն առաջին հերթին պետք է հանդիսանա հասարակության առողջության հասցեական ծրագիր՝ ուղղված աշխատանքի խրախուսմանը՝ աշխատող մարդու առողջապահական ծախսերը պետության կողմից փոխհատուցելու հանձառությամբ:

Սա նաեւ քաղաքացիների համար կհանդիսանա որպես վարձու աշխատող գրանցվելու մոտիվացիոն գործիք, որն էլ իր հերթին կապահովի բյուջետային լրացուցիչ մուտքեր: Նույնիսկ նվազագույն աշխատավարձով լրացուցիչ 1 գրանցված աշխատողի մասով տարեկան լրացուցիչ եկամտային հարկը կկազմի 200 000 դրամ (նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում 245 000 դրամ), որից փոխհատուցման առավելագույն գումարը կարող է կազմել 50 000 դրամ:

Այս ծրագիրը կունենա նաեւ մուլտիպլիկատիվ ազդեցություն վարձու աշխատողի առողջության պահպանման ու վերականգնման արդյունքում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Սա կարող է հանդիսանալ առողջապահության ոլորտի առաջանցիկ տեմպերով գին/որակ/մատչելիություն զարգացման գրավական:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի հուլիսի 29-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

115 Ա. Բաբաջանյան
116 Ա. Խաչատրյան
117 Ա. Սամսոնյան
118 Հ. Բաբայան
119 Ա. Եղիազարյան
120 Ա. Կոստանյան
121 Կ. Սիմոնյան
122 Ս. Գրիգորյան
123 Ս. Ալեքսանյան
124 Գ. Բաղդասարյան
125 Գ. Գորգիսյան
126 Է. Մարուքյան
127 Մ. Թանդիլյան
128 Է. Անդրեասյան
129 Ռ. Ստեփանյան
130 Տ. Սիմոնյան
131 Հ. Այվազյան
132 Ս. Մինասյան


29 հուլիսի 2019թ.

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքում առաջարկվող բոլոր լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:
 

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ