Armenian ARMSCII Armenian
Կ-246-02.08.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում` անձի կողմից վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելու պահից մինչեւ վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել մինչեւ վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: