Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի Հավելված 1-ում` «2017-2020 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում ուժը կորցրած ճանաչել 4-րդ եւ 46-րդ կետերը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերի վերանայման վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքում պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկություններով եւ հիմնավորումներով:
Միաժամանակ մշակման համար հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ կառավարության 06.02.2019թ. N 108-Ա որոշումը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն:
1) «Էներգաիմպեքս» ՓԲԸ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն առաջարկել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից հանել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն հետեւյալ հիմնավորումներից ելնելով:
2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների (այսուհետ՝ օրենսդրական փոփոխություններ) համաձայն էլետրական էներգիայի ներկրման եւ արտահանման գործունեությունները իրականացվելու են առանց էլետրական էներգիայի ներկրման եւ արտահանման լիցենզիայի, եւ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցները ներկրումը եւ արտահանումն իրականացնելու են իրենց լիցենզիաների շրջանակում:
Սակայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում էլեկտրական էներգիայի բաշխման («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) եւ փոխադրման («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ) լիցենզիա ունեցող անձինք զրկվել են ներկրում կամ արտահանում իրականացնելու իրավունքից, եւ հանդես են գալու բացառապես որպես շուկային ծառայություններ մատուցող սուբյեկտներ, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք կարող են միայն արտահանել սեփական արտադրության էլեկտրական էներգիան:
Միեւնույն ժամանակ, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից եւ ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, մեծածախ շուկայում վաճառելու եւ արտահանելու իրավունք է ունենալու էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձը, սակայն միեւնույն ժամանակ մեծածախ առեւտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաեւ Էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներկայումս էլեկտրական էներգիայի ներկրում կամ արտահանում իրականացնող անձինք այլեւս իրավունք չեն ունենալու իրենց լիցենզիաների շրջանակներում իրականցնել այդ գործառույթները:
Ուստի, գործող օրենսդրության սահմանափակումների պայմաններում, էլեկտրաէներգիայի արտահանման եւ ներկրման իրականացումն ապահովելու նպատակով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում իր ենթակայությամբ ունենալ այնպիսի ընկերություն, որն իրավունք ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից եւ ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, մեծածախ շուկայում վաճառելու եւ արտահանելու, որպիսին է՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն:
2) «Հայփոստ» ՓԲԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն հետեւյալ հիմնավորումներից ելնելով:
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով Համաշխարհային փոստային միության անդամ` պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատչելիությունը եւ հասանելիությունը: Դա նշանակում է, որ փոստային կապի ունիվերսալ ծառայություններ պետք է մատուցվեն նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, անկախ դրանց տնտեսապես արդյունավետ լինելու գործոնից: Հարկ է նշել նաեւ այն, որ փոստային բաժանմունքներում, բացի փոստային կապի ծառայությունների մատուցումից իրականացվում է բնակչության կենսաթոշակների եւ նպաստների վճարում, հարկերի եւ կոմունալ ծառայություների գումարների հավաքագրում: Փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայությունները կդառնան ոչ հասանելի, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ի 885 փոստային բաժանմունքներից 601-ը գտնվում են գյուղական համայնքներում ու սահմանամերձ շրջաններում, ուստի կարող են դասվել տնտեսապես անարդյունավետ անշարժ գույքերի շարքին:
Մասնավորապես, հաշվի առնելով, որ մասնավորեցման դեպքում յուրաքանչյուր մասնավոր սուբյեկտ առաջնորդվելու է տնտեսական շահի եւ նվազագույն ծախսերով առավելագույն շահույթ ստանալու շարժառիթներով, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում բոլոր այն կետերը, որտեղ տնտեսապես արդարացված չի լինելու փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը, ընկերության կողմից որոշում կկայացվի չմատուցել նման ծառայություն կամ մատուցելու դեպքում պետությունից պահանջել սուբսիդիա կամ այդ ծախսերը ներառել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների մեջ? Ընդ որում, բոլոր այն համայնքներում որտեղ առկա են փոստային բաժանմունքներ, սակայն տնտեսապես շահավետ չեն պահպանման տեսանկյունից, կփակվեն եւ աշխատողներն կազատվեն աշխատանքից: Սա կարող է սոցիալական դժգոհություն առաջացնել հատկապես գյուղական համայնքներում: Ավելին, մասնավոր ընկերությունը մասնավորեցման գործընթացում վճարելու է այն գինը ընկերության ակտիվների համար, որը հետագայում ընկերությանը դրական կանխիկ հոսքեր է ապահովելու: Այս առումով 2017թ-ի տվյալներով «Հայփոստ» ընկերության հաշվեկշռային արժեքը 20.7 մլրդ դրամ է, որից՝ 15.5 մլրդ դրամը հիմնական միջոցներն են: Վերջին ցուցանիշում ներառված են նաեւ այն փոստային բաժանմունքների շենքերը, որոնք գտնվում են գյուղական կամ սահմանամերձ համայնքներում եւ տնտեսապես շահավետ չէ դրանց պահելը:
Միաժամանակ, մասնավորեցման մասին որոշման կայացումը սովորաբար կախված է լինում թե ինչ սկզբունք է ամրագրվում փոստային ծառայությունների մատուցման տեսանկյունից՝ բիզնես թե հանրային ծառայություն? Եթե առաջինն է՝ ապա պետության կողմից որեւէ սուբսիդավորման մասին խոսք լինել չի կարող, եթե երկրորդն է՝ ապա պետությունը պետք է դրա մեջ ներառի նաեւ սոցիալական կոմպոնենտ? Երկու մոդելն էլ աշխարհում գործում է: Միեւնույն ժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման մոդելի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար խիստ կարեւորվում է նաեւ ընկերության բիզնես մոդելի վերաբերյալ խորհրդատվության ստացումը: Մասնավորապես, հետագայում մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում որպես կառավարման արդյունավետ մոդել կարելի է կիրառել հավատարմագրային կառավարումը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
06.02.2019 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է « «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը վերապահելու եւ ընկերության մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու մասին» N108 որոշումն, որով առաջարկվում է նաեւ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն հանել ցանկերից:
Ներկայումս շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջեւ կնքված «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը 1 տարով երկարաձգելու (մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը) մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1335-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւս մեկ նախագիծ քննարկման է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, որով առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող 2 կազմակերպություններ` «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն:
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հաշվի առնելով «Էներգաիմպեքս» ՓԲԸ կարեւորությունը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:
«Հայփոստ» ՓԲԸ մասնավորեցման ծրագրից հանելուց հետո անհրաժեշտ է ուսումնասիրել փոստային ծառայությունների ներկա վիճակը (որակական եւ քանակական ցուցանիշների տեսանկյունից), կատարել նմանատիպ ծառայությունների միջազգային համադրումներ եւ առաջարկել այն մոդելը, որը կհամապատասխանի մեր իրականությանն ու պահանջներին: Հետեւաբար անհրաժեշտ է վարձել խորհրդատվական ընկերություն՝ վերոնշյալ աշխատանքն իրականացնելու համար
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը նշված հաստատության կառավարման եւ գործունեության արդյունավետության, ինչպես նաեւ հետագա զարգացման նախապայմանների ստեղծումն է, տրանսպորտի ոլորտում կարեւոր գործառույթներ իրականացնող մարմնի կառավարման համակարգում պետության ուղիղ ներգրավվածությունը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. մայիսի 30 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 631-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հարգանքով` | ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ |