Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում պարբերաբար փոփոխություններ են կատարվել, բայց մինչ օրս որեւէ փոփոխություն չի կատարվել դրանց չափի հետ կապված:
Առ այսօր բակալավրիատում սովորող եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակը կազմում է 5.000 դրամ, իսկ գերազանց առաջադիմություն ունեցողներինը՝ 6.050 դրամ: Միայն բակալավրիատի ավարտական կուրսերում է, որ սովորական կրթաթոշակի չափը կազմում է 5.200 դրամ, իսկ գերազանցիկներինը՝ 6.300 դրամ:
Մագիստրատուրայում ունենք հետեւյալ պատկերը՝ բարձր առաջադիմությամբ ուսանողները ստանում են 5.500 դրամ, իսկ գերազանց սովորողները՝ 6.300 դրամ:
Այսինքն, բակալավրիատում եւ մագիստրատուրայում կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ 1999թ.առ այսօր, չի փոխվել: Համեմատության համար միայն նշենք, որ 1999թ. նվազագույն աշխատավարձը կազմում էր 5.000 ՀՀ դրամ, 2019թ.՝ 55.000 ՀՀ դրամ, մինչդեռ կրթաթոշակի չափի հետ կապված որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին ներկայումս շրջանառության մեջ է դրված նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նախագիծ, որին իր դրական եզրակացությունն է տվել նաեւ ՀՀ Կառավարությունը:
Միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ Կառավարության կողմից ներկայացված ծրագրում իր արտացոլումն է գտել կրթության քաջալերումը՝ որպես մարդկային ներուժի զարգացման բաղադրիչ: Ակնհայտ է, որ կրթության քաջալերման գործընթացում էական նշանակություն ունի նաեւ ֆինանսական խրախուսումը, ինչն արտահայտվում է, օրինակ, պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների պարբերաբար վերանայման տեսքով, ինչն իրականացվում է գրեթե բոլոր պետություններում:
Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում նվազագույն աշխատավարձը կազմում է 11.163 ռուբլի (մոտ 90.000 ՀՀ դրամ), կրթաթոշակը կազմում է 1.500 ռուբլի այսինքն մոտ 12.500 դրամ, բարձր առաջադիմության համար՝ 5.000-7.000 ռուբլի, այսինքն՝ 40.000-56.000 դրամ: Ղազախստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 28.284 տենգե (մոտ 37.000 ՀՀ դրամ), նվազագույն կրթաթոշակը 20.949 տենգե է, մոտ 30.000 դրամ, իսկ բարձր կրթաթոշակը՝ 24.091 տենգե, այսինքն մոտ 36.000 դրամ: Այսինքն, օրինակ նշված երկրներում, կրթաթոշակը բավականին բարձր է, ավելին դրանք գրեթե նվազագույն աշխատավարձի չափ են:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի առաջին հերթին Կառավարության ծրագրով սահմանված հանձնառությունը՝ կրթության քաջալերման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ դրանով կապահովվի ուսանողների ֆինանսական վիճակի բարելավումը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը եւ խնդրում սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:
Գրությանը կից ներկայացնում եմ՝
նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահե Էնֆիաջյան)
նախագծի ընդունման հիմնավորումը,
գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ