Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 24-րդ հոդվածում լրացնել նոր 8.1-րդ մաս.
«8.1 Առաջին ծննդաբերության ժամանակ, երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային տրվում է ծննդյան միանվագ տարբերակված նպաստ` երկրորդ երեխայի կարգաթվով սահմանված միանվագ նպաստի կրկնապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում լրացնել նոր 7.1-րդ մաս.
«7.1 Սույն օրենքի 24-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դեպքում՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ծննդյան միանվագ տարբերակված նպաստը վճարվում է ուղղակի կարգով»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
Համաձայն գործող օրենքի եւ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 6-ի N275-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխաներ ծնվելու դեպքում պետական բյուջեից հատկացվում է երկրորդ երեխայի ծննդյան կարգաթվին համապատասխան՝ 150 000-ական ՀՀ դրամ: Իրականություն է այն փաստը, որ առաջին ծննդաբերության ժամանակ երկվորյակ երեխաներ ունենալու դեպքում՝ երեխաներին խնամելու եւ մեծացնելու հետ կապված ծախսերն էապես տարբեր են, քան օրինակ՝ մեկ երեխայից հետո երկրորդ երեխայի ծնվելը: Այսինքն՝ երկվորյակների համար՝ հագուստ, սնունդ եւ այլ անհրաժեշտ ապրանքներ ծնողները պետք է գնեն կրկնակի: Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալը՝ ողջամիտ եւ արդարացի կլինի առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը, որի ազդեցության գնահատականը, միանշանակ, լինելու է դրական:
Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը հիմք է հանդիսանում ՀՀ քաղաքացիների՝ պետության նկատմամբ բարձր վստահության, սոցիալապես պաշտպանվածության համար: Այս կարգավորումը եւս մեկ դրական ազդեցություն կունենա եւ կնպաստի ծնելիության մակարդակի բարձրացմանը, որը բխում է երեխաների թվի աճի առաջընթացին ուղղված` պետության կողմից որդեգրած քաղաքականության տեսլականից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Կարինե Պողոսյան )
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ | Կարինե Պողոսյան Դավիթ Մանուկյան Ջանիբեկ Հայրապետյան |