Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-263-30.08.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 9-րդ պարբերության «իա» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«իա) Ընկերության անդամների համար արտոնություններ սահմանելը, այդ թվում՝ ջրօգտագործման դիմաց վճարների նվազեցումը.»:

Հոդված 2.  Օրենքի 17-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:»:

Հոդված 3.  Օրենքի 28-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Միության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության եւ կառավարչական հմտությունների եւ կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի եւ կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծով հիմնավորվում է նաեւ ջրօգտագործողների ընկերությունների կողմից առանձին ջրօգտագործողներին արտոնությունների տրամադրման օրենսդրական կարգավորումը:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ