Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 63-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով.
«12.1. Սույն հոդվածի իմաստով` ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն նաեւ այն դեպքում, երբ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` զինծառայողի ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել է իր` ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը։»։
Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Սույն օրենքն ունի հետադարձ ուժ՝ այն տարածվում է մինչ դրա ուժի մեջ մտնելը ծագած բոլոր համապատասխան իրավահարաբերությունների վրա։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 63-րդ հոդվածի 10-րդ մասի՝ (...) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով; ըստ նույն հոդվածի 12-րդ մասի՝ զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները եւ ծնողները։
Վերոնշյալ դրամական օգնությունը, սակայն, տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի միայն այն անդամներին, ովքեր ներկայացրել են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական:
Վերոնշյալ իրավիճակի հետ կապված, որպես կանոն, խնդիրը կայանում է մահացած զինծառայողի ընտանիքի անդամներից ամուսնուն դրամական օգնություն տրամադրելուն, քանի որ, Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց փաստացի ամուսնության եւ ընտանիք կազմելու փաստը հաստատում ՔԿԱԳ մարմնում: Այսպիսով, տվյալ քաղաքացիները զրկվում են դրամական օգնություն ստանալու իրավունքից:
Վերոնշյալ խոցելի կարգավիճակում հայտնված անձանց իրավունքները պաշտպանելու եւ Օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումները ֆորմալ պահանջներով սահմանափակելուց խուսափելու նպատակով՝ առաջարկվում է հետեւյալ լուծումը.
- զինծառայողնների ընտանիքների այն անդամնները, ովքեր չունեն օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական, չեն զրկվի դրամական օգնություն ստանալու իրավունքից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել են իրենց փաստացի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:
Նախագծի ընդունման արդյունքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքների այն անդամները, ում պետական համապատասխան գերատեսչության կողմից չի տրամադրվում համապատասխան դրամական օգնություն՝ պատճառաբանությամբ, որ նրանք չեն ներակայցրել ամուսնության կամ ծննդյան վկայական, հնարավորություն կստանան օրենքով սահմանված (դատական կամ նոտարական) կարգով հաստատել իրենց ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը եւ համապատասխան փաստաթղթի հիման վրա ստանալ դրամական օգնություն:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի օգոստոսի ___-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
126 Է. Մարուքյան | 122 Ս. Գրիգորյան |
125 Գ. Գորգիսյան | 123 Ս. Ալեքսանյան |
115 Ա. Բաբաջանյան | 124 Գ. Բաղդասարյան |
116 Ա. Խաչատրյան | 127 Մ. Թանդիլյան |
117 Ա. Սամսոնյան | 128 Է. Անդրեասյան |
118 Հ. Բաբայան | 129 Ռ. Ստեփանյան |
119 Ա. Եղիազարյան | 130 Տ. Սիմոնյան |
120 Ա. Կոստանյան | 131 Հ. Այվազյան |
121 Կ. Սիմոնյան | 132 Ս. Մինասյան |
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Փաթեթին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- դրա ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը։
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 07 թերթ։
Հարգանքով՝ | ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ |