Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-267-02.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 09-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Սնանկության գործով պարտատերերի պահանջների հաստատման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված պահանջի քննության համար նշանակություն ունեցող փաստերը պարտապանի, պարտատերերի, սնանկության գործով կառավարչի եւ/կամ պահանջի քննությանը մասնակից դարձված այլ անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:»:

2. Նույն հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Քրեական գործի շրջանակներում քննված քաղաքացիական հայցի մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` պատճառված վնասի առկայության եւ պատճառված վնասի չափի փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` քաղաքացիական դաատավարության օրենսգիրք) 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

Եզրափակիչ դատական ակտեր են`

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը եւ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

(...)

Սնանկության մասին օրենսդրության եւ վերը շարադրված հոդվածների համադրումից ակնհայտ է դառնում, որ նախադատելի չեն սնանկության գործով սնանկ ճանաչելու մասին վճռից հետո պահանջների հաստատման կապակցությամբ սնանկության գործով կայացվող ոչ միայն վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, այլ նաեւ այդ ակտը կայացվելուց հետո, երբ ներկայացվում են նոր պահանջներ` օրենքով սահմանված ժամկետից ուշ, դրանց քննության արդյունքում կայացվող որոշում(ներ)ը` կոնկրետ այդ պահանջները հաստատելու (գրանցելու) կամ մերժելու վերաբերյալ: Այսպիսով, այս ակտերով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործող կարգավորմամբ նախադատելի չեն համարվում, ինչն իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է խնդիրներ` անհարկի երկարացնելով դատական ընթացակարգով հարցի լուծումը:

Այսպես, այն դեպքում, երբ պարտատերը սնանկության գործով գրանցվում է համապատասխան հերթում, այնուհետեւ, համաձայն պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման, նրան վճարման ենթակա գումար է սահմանվում: Եվ եթե պահանջների կատարման փուլում պարզվում է, որ բռնագանձման ենթակա գույքն ընդհանուր համատեղ սեփականություն է, եւ բաժինն առանձնացնելու համար անհրաժեշտ է դիմել դատարան, դատարանը, ելնելով գործող կարգավորումից, չի ընդունում սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նախադատելիությունը եւ, ըստ այդմ, պարտատերն ստիպված է լինում կրկին անգամ ապացուցել իրեն պատճառված վնասի վերաբերյալ փաստական հանգամանքները:

Նշյալ բացը վերացնելու նպատակով` առաջարկվում է սահմանել, որ սնանկության գործով պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ սահմանված պարտատերերի պահանջների բավարարման չափերն այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

2. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ`

Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների եւ դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:

Այսպիսով, 61-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությունից ակնհայտ է, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերից նախադատելիության հատկանիշ են ձեռք բերում միայն որոշակի արարքների եւ դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերը: Այս կարգավորումից է բխել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր 2007թ. սեպտեմբերի 05-ի 3-1091(ՎԴ) թվակիր գործով որոշմամբ նշում է`

(...) դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաեւ այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ եւ այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, չնայած որ դրանք հաստատված են դատավճռով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (այսուհետ` քրեական օրենսգիրք) սահմանված որոշ հանցագործությունների, օրինակ` գողության (177-րդ հոդված), խարդախության (178-րդ հոդված) եւ մի շարք այլ հանցագործությունների համար նախատեսված են որոշակի սանդղակներ, որոնցով պայմանավորված է արարքի ծանրության աստիճանը, հետեւաբար նաեւ որակումը: Ըստ այդմ, քրեական գործով դատարանը, հանցագործության փաստից ու այն կատարող անձից բացի, խորքային քննություն է իրականացնում նաեւ քրեական օրենսգրքով նախատեսված արարքով պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ, քանի որ կատարված հանցագործության ճիշտ որակումը նման դեպքերում մեծապես պայմանավորված է նաեւ հանցագործությամբ պատճառված վնասի չափով:

Հանցագործությամբ պատճառված վնասի չափը քրեական գործի քննությամբ որոշելու անհրաժեշտությունն ավելի է ընդգծվում հատկապես այն դեպքերում, երբ քրեական գործի քննության ընթացքում անձը, ում գույքային վնաս է պատճառվել, ներկայացնում է քաղաքացիական հայց, քանի որ այդ դեպքում քրեական գործը քննող դատարանը պետք է գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծի նաեւ ներկայացված քաղաքացիական հայցը:

Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` քրեական դատավարության օրենսգիրք) 154-րդ հոդվածի`

1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում եւ լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:

2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, եւ քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:

3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

4. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները:

Քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:

Նույն օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն`

Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով:

Այսպիսով, քրեական գործի շրջանակներում կարող է ներկայացվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայց, որը քրեական գործը քննող դատարանի կողմից քննվում է քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառմամբ` պայմանով, որ դրանք չհակասեն քրեական դատավարության օրենսգրքին, ընդ որում` քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը դատարանի կողմից լուծվում է ոչ թե առանձին դատական ակտով, այլ դատավճռով:

Այսպիսով քրեական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերի նախադատելիության սահմանները պետք է ընդլայնել, մասնավորապես` նախադատելի նշանակություն տալ քրեական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատված վնասի չափին ու վնաս կրած անձի մոտ դրա հատուցման պահանջի առկայությանը:

Հակառակ դեպքում ստացվում է, որ քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը քրեական գործը քննող դատարանի ակտով բավարարվելու եւ այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում քաղաքացիական հայցվորի մոտ վնասի հատուցման պահանջի իրավունքն ու վնասի չափը նախադատելի նշանակություն ձեռք չեն բերում, ինչը տրամաբանական չէ հատկապես այն պայմաններում, երբ վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայցը քննվում եւ լուծվում է քաղաքացիական դատավարության օրենսդրության կանոններին համապատասխան:

Բացի դրանից, ստացվում է, որ անձը, ում քաղաքացիական հայցն օրինական ուժի մեջ մտած դատավճռով բավարարվել է, չի կարող այլ գործերի քննության ժամանակ վկայակոչել այդ դատական ակտն ու դրանով հաստատված փաստերը` որպես նախադատելի փաստեր, եւ վերջինս յուրաքանչյուր դեպքում ստիպված է ապացուցել իր պահանջի առկայությունն ու չափը: Օրինակ` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու մասին հայց ներկայացնելու դեպքում անձն ստիպված է լինելու կրկին ապացուցել, որ պատասխանողի կողմից իրեն պատճառվել է վնաս, ինչպես նաեւ ապացուցել վնասի չափը, ինչն անընդունելի է ու միաժամանակ չի բխում դատական ակտերի պարտադիրության, ինչպես նաեւ դատական ռեսուրսի խնայողության սկզբունքներից:

Ներկայացված նախագծով վերոնշյալ երկու բացերը շտկվում են:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի օգոստոսի ___-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Փաթեթին կից ներկայացվում են`

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- դրա ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 08 թերթ:
 

Հարգանքով`                                                    ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ