Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-239-25.07.2019,06.09.2019-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի (ՀՕ-238-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Oրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն Օրենքով են կարգավորվում նաեւ պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (այսուհետ՝ Բջջային հավելված) օգտագործմամբ  հավելվածում գրանցված անձանց կողմից  տեխնիկական միջոցով տեսանկարահանված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները»:

Հոդված 2. Օրենքը լրացնել 7.3., 7.4. եւ 7.5. հոդվածներով հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7.3. Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի առանձնահատկությունները

1. Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե.

1) իրավախախտումն ամրագրվել է Բջջային հավելվածի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաեւ պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը.

2) իրավախախտում ամրագրած տեսանյութը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

2. Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) եւ դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Վարչական մարմինը պարտավոր է Բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված) եւ հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող ֆիզիկական անձանց համար:

Հոդված 7.4. Վարչական վարույթի արդյունքների մասին ֆիզիկական  անձին տեղեկացնելը

Վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին  էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար սույն Օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո մեկօրյա ժամկետում՝ ֆիզիկական անձին Բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 7.5. Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցման անթույլատրելիությունը

1. Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության  ենթակա անձին, նրա ներկայացուցչին եւ երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը կամ իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ վարչական մարմնին հայտնի դարձած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է օրենքով:

Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: