Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-271-09.09.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերով սահմանված, ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

5. Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերով սահմանված, ներմուծման պահին ավելի քան 5 տարվա, բայց ոչ ավել քան 10 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից եւ գործում մինչեւ 2023 թվականի հունվարի 01-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

ԵԱՏՄ մի շարք ոլորտների վերաբերող միասնական մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի 01-ից ուժի մեջ են մտնում: Համաձայն վերջինների՝ զգալիորեն բարձրանալու են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող մի շարք ապրանքախմբերի, մասնավորապես՝ ավտոմեքենաների (ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերով խմբին դասվող) ներմուծման վճարները:

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին 2 տարիներին նշված ոլորտը Հայաստանում բուռն աճ է արձանագրել: Թեեւ կարող է թվալ, որ վերջին ժամանակահատվածի ավտոմեքենաների ներկրման գերակտիվությունը պայմանավորված է մաքսատուրքերի էական փոփոխությամբ, այնուամենայնիվ բերված ոլորտի բուռն վերելքը շղթայական ռեակցիայով հանգեցրել է նաեւ կից ոլորտների զգալի աճին:

Խոսքը վերաբերում է անվադողերի, քսայուղերի, ավտոպահեստամասերի եւ այլ կից շուկաների ընդլայնմանը եւ զարգացմանը: Բացի դրանից, նշված ոլորտում առկա ներմուծումը դեպի ԵԱՏՄ հետագա արտահանման նպատակով անուղղակիորեն ազդել է նաեւ հյուրատնային, հանրային սննդի եւ այլ մերձզբոսաշրջային ոլորտների զարգացմանը:  Ոլորտի շուկաներում ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք դարձել են խոշոր հարկատուներ եւ հայտնվել խոշոր հարկ վճարողների առաջին հարյուրակում:

Նշված տնտեսվարողների հետ բազմաթիվ հանդիպումներում քննարկվել է ստեղծված իրավիճակը՝ հնարավոր լուծումների ակտիվ որոնումների նպատակով: Ուսումնասիրվել են նաեւ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, եւ կատարվել ոլորտային վերլուծություններ՝ իրավիճակը լավագույնս պատկերացնելու համար:

ԵԱՏՄ համաձայնագրերով վերոնշյալ գործընթացի կտրուկ դադարեցումը, կարելի է նույնիսկ ասել՝ խզումը, հանգեցնելու է տնտեսության համար զգալի ռիսկերի, իսկ շղթայական ռեակցիայի պայմաններում նույնիսկ կա անկման վտանգ:

Այսինքն առաջարկ-պահանջարկի մոդելում գնային պարամետրի արհեստական փոփոխությունը հանգեցնում է գրաֆիկների տեղաշարժի, շուկայի ինքնակարգավորումը կրում է անորոշության զգալի տարրեր, որը բացսական է ազդում շուկայի մասնակիցների կողմից ընդունվող որոշումների վրա:

Արդյունքում կարող է ստացվել զգալի աճի փուլում տնտեսության նշված հատվածի կտրուկ անկում, որը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետեւանքների:

Ուստի, բերվող օրինագիծը նպատակ ունի հնարավորինս մեղմել առաջացող անբարենպաստ իրավիճակը՝ ռիսկերի թուլացման համար որոշակի «անվտանգության բարձիկ» ապահովելով:

Ելնելով վերոգրյալից եւ նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել ընթացակարգը, ինչպես նաեւ առավելագույնս բացառել ստվերային գործունեության որեւէ բաղադրիչ՝ առաջարկվում է տնտեսվարողներին հնարավորություն տալ ԱԱՀ դրույքաչափերի նվազման հաշվին չդադարեցնել դիտարկվող գործընթացը եւ ոլորտի տնտեսական ակտիվությունը պահել սպասվելիք գրեթե զրոյական մակարդակից էականորեն բարձր աստիճանում:

Միեւնույն ժամանակ հասկանալով, որ ավտոներկրման այս գործընթացը այնուամենայնիվ կրում է ավելի շուտ կարճաժամկետ կամ միջնաժամկետ բնույթ, նախատեսվում է ԱԱՀ նվազող դրույքաչափերի դիտարկվող արտոնությունը տրամադրել 3 տարի ժամկետով: Երկարաժամկետ հատվածում շուկայի ինքնակարգավորման եւ նաեւ արտաքին այլ գործոնների ազդեցության ներքո այսպիսի տնտեսական ակտիվությունը, որը, ինչ խոսք, ունի որոշակիորեն արհեստական բնութագիր, գնալով վերանալու է:

Ուստի անհրաժեշտ ենք համարում ԱԱՀ դրույքաչափերի փոփոխմամբ տալ հնարավորություն տնտեսության նշված հատվածին եւ դրա հետ փոխկապակցված մյուս ոլորտներին հնարավորինս անցնցում անցում կատարելու զարգացման հաջորդ մակարդակին:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի սեպտեմբերի 06-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

06 սեպտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գուրգեն Բաղդասարյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 06 թերթ:

Հարգանքով՝            ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ