Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-552-25.03.2005-ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002թ. ՀՕ-419-Ն, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «քաղաքական» բառից հետո լրացնել «եւ ժամանակավոր» բառերը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածից հանել «Անձը հաստատող փաստաթղթերում բնակչի հաշվառման հասցեն չի նշվում» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից ներկայացված ժամկետներին համապատասխան» բառերով:

բ) 2-րդ մասում՝ «վեց ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով:

գ) 3-րդ մասում՝ «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2006թ. հուլիսի 1-ը» բառերով:

դ) 5-րդ մասում` «2005 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի hուլիսի 1-ից» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ՀՀ վարչապետի 2004թ. հոկտեմբերի 29-ի թիվ 016-7041 եւ 2004թ. նոյեմբերի 23-ի թիվ 016-7614 հանձնարարականների կապակցությամբ մշակված «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով:

Նախագծով նախատեսվել է բնակչության պետական ռեգիստր վարող եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռեգիստրը բաղկացած է կենտրոնական ռեգիստրից եւ կենտրոնական ռեգիստրի տեղական բաժանմունքներից (տեղական ռեգիստրներ), իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, կենտրոնական ռեգիստրը վարում եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը հանդիսանալու է ՀՀ ոստիկանությունը: Նույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ տեղական ռեգիստրների վարումը, որպես պետության պատվիրակած լիազորություն, իրականացնում են համապատասխան համայնքների ղեկավարները: Նկատի ունենալով, որ որպես լիազոր մարմին ճանաչվող ՀՀ ոստիկանությունը իր կառույցում ունի նաեւ տարածքային բաժին-բաժանմունքներ, որոնց միջոցով կարող է իրականացնել տեղական ռեգիստրի վարումը, հետեւաբար նախատեսվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Նույն հոդվածի 3-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետությունում բնակչության հաշվառման (գրանցման) այլ ձեւերն արգելվում են» բառերն անհրաժեշտ է ճանաչել ուժը կորցրած, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ հաստատված «Անձնագրային համակարգի կանոնադրության» համաձայն, Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս իրականացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վարի՝ մշտական, ժամանակավոր կամ փաստացի հաշվառում, ինչի արդյունքում շուրջ 3 մլն. (այդ թվում ԽՍՀՄ անձնագրերը չփոխանակած) անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերում արդեն իսկ կատարվել են նշումներ՝ հաշվառման վերը նշված ձեւերով, ուստի օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվառման այլ ձեւերն արգելելը նպատակահարմար չէ:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում «քաղաքական» բառից հետո առաջարկվող «եւ ժամանակավոր» բառերի ավելացումը պայմանավորված է «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու կարգի մասին» ՀՀ կառավարության 09.01.03թ. թիվ 11-Ն որոշմամբ, քանի որ հիշյալ որոշման մեջ նշվում է ոչ միայն քաղաքական, այլեւ ժամանակավոր ապաստան ստացած անձանց մասին:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասումնախատեսվող՝ «բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերից հետո , «ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները» բառերի լրացումը պայմանավորված է նրանով, որ օրենքով նախատեսված տվյալների լրիվությունն ապահովելու համար քաղաքացին ռեգիստրին պետք է հայտնի ոչ միայն իր բնակության հասցեն, այլեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները :

Օրենքի 9-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունը պամանավորված է նրանով, որ ներկայումս պետության եւ քաղաքացու միջեւ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորվում են հիմնականում բնակության վայրի հաշվառմամբ, ուստի վաղաժամ է քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթղթերում բնակության վայրի մասին նշում կատարելն արգելելը, մանավանդ, որ մինչ այժմ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված շուրջ 2,5 մլն. ՀՀ քաղաքացիների անձնագրերում արդեն իսկ առկա են նման նշումները եւ դրանք վերացնելով կառաջանա նույն քանակությամբ անձնագրերը նորերով փոխանակելու անհրաժեշտություն, ինչն էլ գործնականում ոչ միայն անհնար է իրականացնել, այլեւ կհանգեցնի ֆինանսական միջոցների անհարկի ծախսերի:

Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, բնակչության պետական ռեգիստրը գործելու է 2005թ. հունվարի 1-ից: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանությունը նոր է ճանաչվում որպես ՀՀ կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմին եւ նորմատիվ իրավական ակտերի մշակման եւ ընդունման, կենտրոնական եւ տեղական ռեգիստրների ստեղծման ու վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների, գույքի ձեռք բերման, ծրագրային փաթեթի, պահանջվող ձեւաթղթերի նմուշ-օրինակների մշակման, համապատասխան հաստիքների եւ աշխատատեղերի հատկացման, կադրերի ուսուցման եւ վերապատրաստման, ազգաբնակչության իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար նշված ժամկետներն իրատեսական չէին, հետեւաբար ՀՀ ոստիկանության կողմից առաջարկվել էր բնակչության պետական ռեգիստրի համակարգի ներդրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2006թ. հունվարի 1-ը: Նախագծերը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից առաջարկվեց ժամկետը երկարաձգել մինչեւ 2007թ. հունվարի 1-ը, նկատի ունենալով, որ հաշվառման նոր ձեւերի պատրաստման եւ տպագրության աշխատանքների հետ կապված ֆինանսական միջոցներ տրամադրված չեն եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս պատրաստ չէ հաշվառման նոր ձեւերի պատրաստման եւ տրամադրման համար: Ելնելով վերոգրյալից ՀՀ ոստիկանությունը գտնում է՝ քանի որ հաշվառման նոր ձեւերի պատրաստումն ու տպագրությունը կարեւոր նշանակություն ունեն համակարգի գործունեության համար, հետեւաբար ընդունել ԱՎ ծառայության առաջարկությունը եւ«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվել է կատարել փոփոխություն:

Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող ժամկետի փոփոխության կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են առաջարկվել նաեւ նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում: