Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-275-10.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասից հանել  «15 000 եւ ավելի բնակչություն ունեցող» բառերը։

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից:

2. Մինչեւ 15 000 բնակչություն ունեցող համայքի ղեկավարն առաջին անգամ հայտարարագիր է ներկայացնում 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ մինչեւ ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 30-ը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ


«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 32-րդ հոդվածի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձանց շարքում են համայնքների ղեկավարները։ Սակայն այդ մասով առկա է սահմանափակում՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն 15 000 եւ ավել բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները: Արդյունքում՝ 502 համայքների ղեկավարներից հայտարարագիր են ներկայացնում 19 համայնքի (այդ թվում՝ Երեւանի) ղեկավար, իսկ հայտարարագիր չներկայացվող համայքների ղեկավարների շարքում կան 30 քաղաքների ղեկավարներ:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բոլոր համայքների ղեկավարների կողմից հայտարարագրերի ներկայացումը համարում ենք պարտադիր, քանի որ հանդիսանալով տեղական ինքակառավարման մարմնի ղեկավար, համայքի ղեկավարն ունի որոշումներ կայացնելու ավելի մեծ լիազորություններ, այդ թվում՝ համայնքի բյուջեի մասով, քան հայտարարագիր ներկայացնող բազմաթիվ այլ պաշտոնյաններ, ինչը բնականաբար ավելի մեծ ռիսկեր է պարունակում:

Հայտարարագիր չներկայացնող համայնքների ղեկավարների կողմից ղեկավարվող համայքների թվում կան տարեկան մինչեւ 500 մլն հայկական դրամ բյուջե ունեցող համայքներ: Միեւնույն ժամանակ, առկա են բազմաթիվ հրապարակումներ համայքների ղեկավարների առանձնատների, մեքենաների մասին, ովքեր երկար տարիներ հանդիսանում են համայնքի ղեկավարներ:

Ներկայումս հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց քանակը մոտավորապես 3 200 է։ Առաջարկվող փոփոխության արդյունքում՝ այն կավելանա մոտ 15%-ով, ինչը չի առաջացնի էական հավելյալ ծանրաբեռնվածություն եւ ծախսեր դրանք ուսումնասիրող մարմնի համար:

Ընդ որում, համայքների խոշորացման գործընթացի պարագայում համայքների թիվը էականորեն կնվազի, ինչը նոր հայտարարագիր ներկայացնող անձանց քանակը նույնպես կկրճատի: Ամեն դեպքում, ակհայտ է, որ այս պահին նպատակահարմար է բացահայտել բոլոր համայքների ղեկավարների հնարավոր չարաշահումները, որոնք ուղիղ կապ չունեն համայքի բնակչության թվաքանակի հետ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Ո Ր Ո Շ Ու Մ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի սեպտեմբերի 09-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 
 

09 սեպտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

-  տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ։
 
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ