Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-280-12.09.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետեւ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ժ)» կետում «արտադրանքի թողարկման» բառերից հետո լրացնել  «(ներառյալ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների  արտադրման ու ներմուծման)» բառերը,

2. «ժե)» կետից հետո լրացնել «ժզ)» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ժզ) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:»

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին եւ 2-րդ մասերում «արդարադատության» բառից հետո լրացնել «առողջապահության» բառը,

2. 2-րդ մասը «ե)» կետից հետո լրացնել նոր կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ե1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ապահովում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում:»

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«Ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների: Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի  կառավարման առանձնահատկությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի եւ տվյալ կազմակերպության միջեւ կնքվող՝ զորահավաքային առաջադրանքների վերաբերյալ պայմանագրերով եւ ապահովում են պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթ իրականացումը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

1990-ական թվականներից սկսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահության համակարգի զգալի շուկայականացում: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երեւան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են (57.4%), 36-ը` մասնավոր եւ սեփականաշնորհված (28.8%), 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո (5.6%) եւ միայն 14-ն են գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո (11.2%): Հարկ է նշել նաեւ, որ մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32%-ը: Ընդ որում` գործող մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային եւ տեխնոլոգիական ներուժի զգալի մասը, ուստի նրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում:

Նաեւ, անկախության տարիներին տեղի ունեցած առողջապահության համակարգի ապակենտրոնացման արդյունքում առողջության առաջնային պահպանման օղակի կառավարման լիազորությունները պատվիրակվեցին տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Ներկայում գործում են 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնցից 86-ը` պոլիկլինիկաներ են (այդ թվում` բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներ), 268-ը` գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններ են (գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ), 6-ը` ընտանեկան բժիշկների անհատական եւ խմբային  անկախ պրակտիկաներ են: Առողջապահության նախարարության ենթակայության է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմում գործող պոլիկլինիկան: Մյուս առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները մարզային կամ համայնքային ենթակայության են կամ հանդիսանում են մասնավոր հաստատություններ:

Ռազմական դրության պայմաններում առողջության առաջնային պահպանման օղակի դերակատարությունը կբարձրանա եւ նախատեսվում է, որ բնակչության պլանային բժշկական օգնության եւ սպասարկման  հիմնական բեռը կրելու է հենց այդ օղակը:

Այսպիսով` միայն 14 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն եւ 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կծագի առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն, ինչպես բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման,  այնպես էլ ռազմական ագրեսիային դիմակայելու համար լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման համար լիազոր մարմնի կողմից տրվող ձեռնարկելիք միջոցառումների համար իրավական հիմքերի բացակայության տեսանկյունից:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն, սահմանված են զորահավաքային առաջադրանք ունեցող դեղ արտադրող եւ ներմուծող  կազմակերպությունների ցանկը (գաղտնի), սակայն այդ հանձնարարությունը մինչեւ օրս սահմանված չի եղել որեւէ օրենսդրական ակտով: Սույն նախաձեռնությամբ փորձ է կատարվում ուղղել այդ օրենսդրական բացը:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ: Ընդ որում, առաջարկվող լրացումները համահունչ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները  եւ անձինք

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռազմական դրության  իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

29 օգոստոսի 2019  թվականի  N  1100    - Ա


«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության  կառավարության  օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 30
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի
65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1100-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ