Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-285-16.09.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.

«է. մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարներից եւ դեբետային գումարներից.»:

Հոդված 2. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 348-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի,» բառերից հետո լրացնել «Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի,» բառերով,

2) 7-րդ մասը «փոխհատուցվող գումարի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի» բառերով,

3) 8-րդ մասում «իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հաշվարկն` այդ ժամկետի դրությամբ» բառերը փոխարինել «իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի հաշվարկն` այդ ժամկետի դրությամբ» բառերով,

4) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող հարկ վճարողների կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչեւ 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 456-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,

1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով կամ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով պակասեցվում են նախկինում հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունները, ապա հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարների կամ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար կամ որպես բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումար (չի մուտքագրվում միասնական հաշվին):»:

Հոդված 5. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Եթե մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որեւէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողն ունի հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումար (սույն մասի կիրառության իմաստով` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար), ապա այդ գումարը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սույն մասի դրույթները տարածվում են յուրաքանչյուր կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացած` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարի (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) վրա:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` մինչեւ 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին, առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման եւ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության: