Սույն օրենքի նպատակներն են ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:
Հոդված 1.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ծխախոտահումք՝ ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերեւները՝ բնական վիճակում, կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած եւ խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաեւ ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին եւ նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման կամ արտադրության համար.
2) ծխախոտային արտադրատեսակ՝ ցանկացած արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտահումք հանդիսացող տերեւից կամ պարունակում է ծխախոտահումք եւ արտադրված է այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներսշնչելու, ներառյալ ծխախոտահումքի տաքացման եղանակով աերոզոլ արտադրելու միջոցով ներսշնչելու համար.
3) ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք՝ ծխախոտային արտադրատեսակի հետ կամ համար օգտագործող առարկա (ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, ծխախոտային արտադրատեսակի փաթեթման թուղթ, ծխախոտային արտադրատեսակի գլանաձեւ փաթեթման սարք).
4) խեժ՝ ծխախոտային արտադրատեսակի այրման հետեւանքով առաջացած չմշակված բաղադրիչ.
5) նիկոտին՝ ծխախոտի արտադրատեսակի կամ ծխի մեջ պարունակվող նիկոտինի ալկալոիդներ.
6) ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ՝ ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանք (քարթրիջով կամ տարայով) որի միջոցով նիկոտինի եւ պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացման արդյունքում առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ.
7) ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինչի օգտագործում՝ ծխախոտային արտադրատեսակը կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու կամ դուրս շնչելու ձեւով կիրառում.
8) ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ ծխախոտային արտադրատեսակին արտաքնապես նմանեցված արտադրանք, որը չի պարունակում ծխախոտահումք կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներում օգտագործվող նիկոտին եւ պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, ինչպես նաեւ համային կամ հոտային հավելումներ.
9) ծխախոտային արդյունաբերություն՝ ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրողներ կամ ներմուծողներ կամ մեծածախ իրացնողներ.
10) շրջանառություն՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների ներմուծում կամ արտադրություն կամ պահպանում կամ իրացում կամ սպառում կամ ոչնչացում.
11) բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներ՝ ծխախոտային արտադրատեսակին համարժեք, առանց ծխախոտահումքի օգտագործման, օրգանիզմ նիկոտին փոխանցող արտադրանք՝ ծխելուց կամ ծխել հրաժարվելու սինդրոմները (կամ հեռացման ախտանիշները) նվազեցնելու համար (նիկոտինային մաստակ, ենթալեզվային հաբեր, բերանում լուծվող հաբեր,ներշնչակ, որը նման է ծխափողի (մուշտուկ), սպեղանի).
12) ծամախոտ՝ չծխելու ծխախոտային արտադրանքի տեսակ՝ ծամելու համար նախատեսված եւ ծխախոտի տերեւների մամլած կտորներից պատրաստված՝ ոչ ծխախոտային հումքի եւ այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա.
13) երկրորդային ծուխ՝ ծուխ, որն առկա է օդում, որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում նաեւ ծուխ, որն արտաշնչվում է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինչ օգտագործողի կողմից.
14) փակ տարածք՝ ցանկացած նյութից պատրաստված ծածկ ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած շինություն, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների եւ դռան համար նախատեսված բացվածքների.
15) կիսափակ տարածք՝ ցանկացած նյութից պատրաստված, երկու եւ ավելի անշարժ պատերով, ծածկի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած շինություն.
16) հանրային տարածք՝ հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձեւից.
17) ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների հովանավորություն՝ ցանկացած միջոցառմանը կամ իրադարձությանը կամ անձին ուղղված ցանկացած գործողություն, որը նպատակ ունի իրական կամ հնարավոր արդյունքով ուղղակի կամ անուղղակի խթանել ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացումը (վաճառքը) կամ օգտագործումը.
18) ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացման (վաճառքի) խթանում՝ ցանկացած գործողություն, որը չպարունակելով օրենքով սահմանված գովազդի տարրեր, անուղղակի կերպով կարող է կամ ազդում է ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացման ծավալների ավելացման վրա կամ անուղղակի կերպով ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների նկատմամբ ձեւավորում է հետաքրքրություն:
Հոդված 2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, իրացման շրջանառության եւ օգտագործման իրավական կարգավորումը
1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, իրացումը, շրջանառությունը եւ օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:
2.Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների ներմուծմանը, արտադրությանը, իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
1.Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել, իրացվել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող ծխախոտային արտադրատեսակները եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ծխախոտային արտադրատեսակները եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կարող են արտադրվել արտահանվող երկրի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
3.Հայաստանի Հանրապետությունում իրացվող ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության գնահատման:
4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտային արտադրատեսակների ծխում նիկոտինի եւ խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների նկատմամբ:
5. Անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձիք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել միայն Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները չգերազանցող ծխախոտային արտադրատեսակներ:
6. Արգելվում է ծամախոտի մեծածախ եւ մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 4. Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները
1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ընդ որում, ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը՝ մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սեւ գույնի շրջանակի մեջ եւ զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առեւտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի եւ բլոկի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերեւույթի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը՝ ներառյալ շրջանակը: Ծխամորճի եւ ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում՝ սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա եւ զբաղեցնեն դրա մակերեւույթի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը:
2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը հաստատվում են Հայաստանի Հանապետության կառավարության կողմից:
3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորման եւ մակնշման Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների շրջանառությունն արգելվում է, բացառությամբ դրանց ոչնչացման դեպքերի: Ոչնչացումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել արտադրողի ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը կամ լոգոն կամ արտադրողին նույնականակացնող այլ նշան (պատկեր)(այսուհետ՝ միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անվտանգության տեխնիկական կանոնակարգով թույլատրվածների: Միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգը պարտադիր սահմանում է.
1) սպառողական տարայի վրա ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման մասին նշումների առավելագույն երկարության միավորը.
2) սպառողական տարայի վրա սպառողին մոլորեցնող բառերի կամ գույների օգտագործման բացառմանն ուղղված կարգավորումները.
3) սպառողական փաթեթի վրա բառերի կամ նշանների տառատեսակին, չափին, դրանց տեղակայմանը ներկայացվող պահանջները,
4)ծխախոտային արտադրատեսակի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ այլ պահանջներ:
Հոդված 5. Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքները
1.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակները վաճառել կամ որեւէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որեւէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որեւէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որեւէ այլ եղանակով չիրացնել դրանք:
2.Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ վաճառելը կամ որեւէ այլ եղանակով իրացնելը:
3.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու եւ մինչեւ վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով):
4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքներիկ ամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով:
5.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակներ փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, մանրածախ վաճառքն կամ որեւէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որեւէ զեղչի կիրառումը:
6.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝
1) վաճառքն՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության,
2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է չափահաս անձին՝ վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում:
7.Արգելվում է՝
1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում,
2) սիգարետի հատով վաճառքը կամ որեւէ այլ եղանակով հատով իրացումը,
3) ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ,
8.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների, առողջարանային կազմակերպությունների շենքների ներսում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա՝ բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների.
2) նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա.
3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա.
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում.
5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում,
6) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց կողմից զբաղեցված) տարածքների ներսում.
7) մարզական դահլիճների, համալիրների եւ մարզադաշտերի տարածքներում.
8) հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ).
9) պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
10) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առեւտրի խանութների):
Հոդված 6. Ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները եւ սահմանափակումները
1.Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելվում է՝
1) հետեւյալ փակ, կիսափակ եւ բաց հանրային տարածքներում՝
ա.բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
բ.նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
գ. մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
դ. համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների եւ խաղային պուրակների տարածքներում.
ե. պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
զ.պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում.
է. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
ը. հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ).
թ.hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները).
2) այլ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից.
3) առեւտրի կենտրոններում.
4) ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ՝
ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ.հիվանդանոցային ձեւով հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
5) զորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների.
6) տրանսպորտում՝
ա.հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ. վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:
7) հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:
2. Ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանն եւ կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:
3. Զորամասերում եւ զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման եւ ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
4.Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում եւ տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի եւ սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
Հոդված 7. Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման եւ հովանավորության արգելքն ու սահմանափակումները
1.Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի, իրացման (վաճառքի) խթանման եւ հովանավորության բոլոր ձեւերը արգելվում են:
2.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կա դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:
3.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
4.Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) խթանումը հետեւյալ ձեւերով՝
1) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների օգտագործումը.
2) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը.
3) ծխախոտային արտադրատեսակի նմանակ հանդիսացող սննդամթերքի կամ խաղալիքների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.
4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը:
5. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների հովանավորությունը:
6. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ դրանց օգտագործման պատկերումը թույլատրվում է բացառապես ծխախոտային արտադրատեսակների կամ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ սոցիալական գովանզդներում կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների եւ դրանց օգտագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական միջոցառումների շրջանակում:
7. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով):
Հոդված 8. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններ են՝
1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների եւ դրանց օգտագործման դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, որում սահմանվում են նաեւ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման հնգամյա ռազմավարական նպատակները եւ պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում միջգերատեսչական ձեւաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերը, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
2) ծխախոտային արտադրատեսակների,ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի հաստատումը.
3) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների՝ առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգի հաստատումը.
4) ծխախոտային արտադրատեսակների բաղադրության եւ դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանումը.
5) ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանը իրազեկելու կարգը հաստատելը:
Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման ոլորտում ֆիզիկական անձանց իրավունքները եւ ծխախոտային արդյունաբերողների պարտականությունները
1. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրազեկ լինել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ երկրորդային ծխի բացասական ազդեցության հետեւանքների մասին:
2. Ծխախոտային արդյունաբերողները պարտավոր են իրազեկել բնակչությանը ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակի օգտագործման, նիկոտինից կախվածության բուժման եւ հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը
1. Ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին եւ վերարտադրողական տարիքի կանանց, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում:
2. Ծխախոտային արտադրատեսակի օգտագործման դադարեցման, նիկոտինից կախվածության բուժմանն եւ ծխախոտայի արտադրատեսակի օգտագործման հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված պացիենտի վարման գործելակարգի եւ այլ իրավական ակտերի համաձայն:
Հոդված 11. Սույն օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը
1. Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված մարմինների կողմից՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
Հոդված 12. Անցումային դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ օրենքի՝
1) 4-րդ հոդվածի՝
ա. 1-ին մասով սահմանված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից եւ 1-ին մասով սահմանված նախազգուշացման տեքստերի 50 տոկոսից ոչ պակաս լինելու նորմի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից.
բ. 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից.
2) 5-րդ հոդվածի՝
ա. 6-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից.
բ. 8-րդ մասի 1-3 կետերով նախատեսված շենքների մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կետերի, որոնք ուժի մեջ են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո,
3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի՝
ա. «ը» ենթակետով սահմանված փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից,
բ. «ը» ենթակետով սահմանված կիսափակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 1-ից.
գ. 6-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի «թ» ենթակետի, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից.
4) 7-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72 օրենքը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա., բ. ենթակետերով, 6-րդ կետի ա. ենթակետով, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրնսդրական իրավական ակտերը ընդունվում են օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի որոնք ընդունվում են օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքի, «Գովազդի մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1218 - Ա
«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 18
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1218-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարգանքով՝ |
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |