Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2923-23.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետականլիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) մարմինների եւ հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության, որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասից հանել «ծառայությունում» բառը.

4) 5-րդ մասի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայութան կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) հատուկ նշանակության ստորաբաժանումում».

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «սույն օրենքից,» բառերից հետո լրացնել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից,» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:»

3) լրացնել նոր 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

5. Քրեակատարողական ծառայողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Սույն օրենքով քրեակատարողական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է քրեակատարողական ծառայության պետը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Քրեկատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները համարվում են քրեակատարողական ծառայության պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեկատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել « - արդարադատության գեներալ-լեյտենանտ» եւ «- արդարադատության գեներալ-մայոր» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Քրեկատարողական ծառայության պետին եւ նրա տեղակալներին շնորհվում են արդարադատության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները: Արդարադատության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է համապատասխան նախարարի առաջարկությամբ:»

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը եւ ա-բ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի առաջին կետն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրա 30 տարին՝ բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: Քրեակատարողական ծառայությունում միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Քրեակատարողական ծառայություն դիմած եւ քրեակատարողական ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո, մինչեւ պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը,պայմանները եւ դաընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

4. Քրեակատարողական ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:»

Հոդված 9. Օրենքը լրացնել նոր 14.1 հոդվածով.

«Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների եւ քրեակատարողական հիմնարկի պետերի պաշտոնների՝ քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 14-րդ, 17-րդ եւ 41-րդ հոդվածների պահանջները:

4. Քրեկատարողական ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:»

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 4-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու պայմանները, քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները»

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:».

3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:».

4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:»

5) Օրենքի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ:».

6) 5-րդ մասից հետո լրացնել նոր 5.1 մաս.

«5.1. Քրեակատարողական ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:».

7) 6-րդ մասում «ծառայության» բառից հետո հանել «բարձրագույն բառը».

8) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաեւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաեւ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:»

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 18. Փորձաշրջանի նշանակումը եւ անցկացումը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրաջնի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»

Հոդված 13. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ»

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 19. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատումը

1. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածի՝.

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»

2) 2-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու (կիրառելու) հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի երրորդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1 մաս.

«1.1. Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետին եւ նրա տեղակալներին բառերով»:

Հոդված 18. Օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 23. Քրեակատարողական ծառայողի իրավունքները

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, քրեակատարողական ծառայողների հիմնական իրավունքներն են՝

1) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

2) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

3) պաշտոնի նշանակման արդյունքները բողոքարկելը.

4) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

3) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Կառավարությունը:»

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասում.

1) 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերից հանել «եւ քաղաքացիական հատուկ ծառայության» բառերը.

2) 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ կետից հանել «եւ քաղաքացիական ծառայողներին» բառերը.

4) 9-րդ կետից հանել «եւ քաղաքացիական ծառայողների» բառերը.

5) 10-րդ կետից հանել «եւ քաղաքացիական ծառայողների» բառերը.

6) 11-րդ կետից հանել «եւ անցկացնում» բառերը.

7) 12-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.» բառերը.

8) 13-րդ կետից հանել «կամ քաղաքացիական ծառայողի» բառերը.

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը.

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ քրեակատարողական ծառայողն իրավունք չունի՝

1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.

2) լինելու որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ:»:

Հոդված 22. Օրենքի 35-րդ եւ 36-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1.Քրեակատարողական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից: Կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը կիրառում է կոչումն շնորհած պաշտոնատար անձը:

3. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածում.

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծառայողական պարտականությունների կասեցումը»

2) 1-7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:

7) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.»

2) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9). երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»

3) 1-ին մասի 13-րդ կետում «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «հանրային» բառով.

4) 1-ին մասի 14-րդ կետից հանել «սույն» բառը

5) լրացնել նոր 4-րդ մասով.

«4. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քրեակատարողական ծառայողի լիազորությունները:»

Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի 5-7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների բառերով»:

Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը.

Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 30. Օրենքի 14.1-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել

Հոդված 31. Օրենքը 55-րդ հոդվածից հետո լրացնել նոր 55.1-55.3-րդ հոդվածներով.

«Հոդված 55.1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիր

1. Բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի եւ նրա տեղակալների պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման եւ փոփոխման հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) քրեակատարողական ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող քրեակատարողական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնների անձնագրերը հաստատում է քրեակատարողական ծառայության պետը:

Հոդված 55.2. Քրեակատարողական ծառայողի անձնական գործը

1. Քրեակատարողական ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Քրեակատարողական ծառայողի անձնական գործը վարում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 55.3. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության քրեկատարողական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 32.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների եւ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:

2. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը, այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ:

3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին:

4. «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում եւս կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝

1) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում վերանշանակում կամ նշանակում չի կատարվում, ապա նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները իրավունքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:

2) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝

ա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ եւ ձեւավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն սահմանված չէր եւ այդ մարմնի համար եւս սահմանում է Կառավարությունը.

բ. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ գործող օրենքով .

գ. քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել ծառայության ժամկետը.

դ. քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցված պաշտոնից, եթե ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չի ներկայանում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, իսկ գործող օրենքով նախատեսված է 140 օր:

Նախագծով հստակեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով առանձնահատկություններ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների մասով, մասնավորապես՝ նախագծում նշվում են այդ մարմինների այն ստորաբաժանումները, որոնց վրա չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը:

3) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

Նախագծի 1-ին հոդվածով առավել հստակեցվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելավճարների տրամադրման եւ հաշվարկման դրույթները, միաժամանակ վերականգնվում է դատական ծառայողների համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի իրավունքը (համապատասխան դրույթ առկա է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը):

Հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների, ինչպես նաեւ ՊԵԿ քննիչների վարձատրությանը վերաբերող դրույթների խմբագրումները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 22-ի ՀՕ-206-Ն օրենքով քննիչների պաշտոնները ինքնավար պաշտոններ դառնալու հանգամանքով: Դրանով պայմանավորված ՊԵԿ քննիչների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները Օրենքի 9-րդ հավելվածից տեղափոխվում են 1-ին հավելված:

Նույն հիմնավորմամբ փոխվում է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը: Գործող խմբագրությամբ այդ գլխով կարգավորված են պետական հատուկ ծառայողների («Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքով հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ծառայությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ էին համարվում) վարձատրությանը վերաբերող դրույթները:

Հաշվի առնելով այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով առավել հստակեցվել է պետական ծառայության շրջանակը, եւ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը այլեւս կիրառելի չէ, հիշյալ դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:

Միաժամանակ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 16-րդ, 17-րդ մասերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանեցվում են, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 12-րդ մասը հստակեցվում է:

Օրենքի 1-ին հավելվածում լրացվում է նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի գործակիցը՝ հաշվի առնելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ի այդ պաշտոնի համար սահմանված գործակիցը:

4) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝

ա. պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման եղանակով.

բ. տեսչական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ գործող օրենքով նախատեսված է բացառություն եւ տեսչական մարմինը միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է Կառավարության որոշմամբ:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

3. Ակնկալվող արդյունքը

Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

29 օգոստոսի 2019 թվականի N 1164 - Ա

Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 9
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1164-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ