Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի՝
1) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մաս.
«3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:»
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:».
4) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին մասը.
5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողին, դատական ծառայողին հավելավճար է տրվում միայն համապատասխան ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով: Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում: Ընդ որում, 2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլեւս չի տրվում:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում եւ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում եւ/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել նոր 14.1-ին, 14.2-րդ եւ 14.3-րդ հոդվածներով.
«Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայությունում եւ/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում նաեւ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
Հոդված 14.2 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեում եւ/կամ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 14.3 Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների վարձատրությունը
1. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 1-ին հավելվածով` տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալով:
2. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները կոչման համար ստանում են հավելավճար:
3. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները հավելավճար են ստանում այդ վարչությունում քննիչի պաշտոնում աշխատած (այդ թվում` այդ պաշտոնում որպես պետական ծառայող աշխատած) յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով:
4. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:
Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ եւ 15.1-ին հոդվածները, 18-րդ հոդվածի 1.1-ին եւ 19-րդ հոդվածի 3.2-րդ եւ 4-րդ մասերը:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը.
2) 7-րդ մասում «պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու պարագայում տվյալ պաշտոնը զբաղեցնողին արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կամ» բառերը փոխարինել «ծառայողին օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի «ինքնավար ծառայողների» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների» բառերով:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում 2.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.2. Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու, ինչպես նաեւ պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս պաշտոնի նշանակելու դեպքերում, համապատասխան ծառայողի հիմնական աշխատավարձը եւ հավելավճարը պահպանվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ քաղաքացիական ծառայողի համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալը՝ հիմնական աշխատավարձը, ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված աշխատավարձի չափից (հիմնական աշխատավարձի եւ հավելավճարի հանրագումարից): Ընդ որում, հավասար, բարձր կամ ցածր պաշտոններում նշանակվելու դեպքերում հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը որոշվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի համապատասխանաբար 1.1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված կարգով:».
Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝
1) «Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական | 5.50». |
2) «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ | 8.00 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ | 6.75 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ | 6.50 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ | 6.00 |
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ | 5.50» |
Հոդված 11. Օրենքի 4-րդ հավելվածի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը, իսկ 5-րդ հավելվածի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:
Հոդված 12. Օրենքի 9-րդ հավելվածից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 8.00, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ 6.75, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ 6.50, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ 6.00, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ 5.50» տողերը:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների եւ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:
2. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը, այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ:
3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին:
4. «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում եւս կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝
1) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում վերանշանակում կամ նշանակում չի կատարվում, ապա նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները իրավունքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
2) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝
ա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ եւ ձեւավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն սահմանված չէր եւ այդ մարմնի համար եւս սահմանում է Կառավարությունը.
բ. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ գործող օրենքով .
գ. քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել ծառայության ժամկետը.
դ. քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցված պաշտոնից, եթե ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չի ներկայանում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, իսկ գործող օրենքով նախատեսված է 140 օր:
Նախագծով հստակեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով առանձնահատկություններ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների մասով, մասնավորապես՝ նախագծում նշվում են այդ մարմինների այն ստորաբաժանումները, որոնց վրա չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը:
3) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:
Նախագծի 1-ին հոդվածով առավել հստակեցվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելավճարների տրամադրման եւ հաշվարկման դրույթները, միաժամանակ վերականգնվում է դատական ծառայողների համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի իրավունքը (համապատասխան դրույթ առկա է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը):
Հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների, ինչպես նաեւ ՊԵԿ քննիչների վարձատրությանը վերաբերող դրույթների խմբագրումները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 22-ի ՀՕ-206-Ն օրենքով քննիչների պաշտոնները ինքնավար պաշտոններ դառնալու հանգամանքով: Դրանով պայմանավորված ՊԵԿ քննիչների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները Օրենքի 9-րդ հավելվածից տեղափոխվում են 1-ին հավելված:
Նույն հիմնավորմամբ փոխվում է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը: Գործող խմբագրությամբ այդ գլխով կարգավորված են պետական հատուկ ծառայողների («Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքով հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ծառայությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ էին համարվում) վարձատրությանը վերաբերող դրույթները:
Հաշվի առնելով այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով առավել հստակեցվել է պետական ծառայության շրջանակը, եւ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը այլեւս կիրառելի չէ, հիշյալ դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Միաժամանակ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 16-րդ, 17-րդ մասերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանեցվում են, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 12-րդ մասը հստակեցվում է:
Օրենքի 1-ին հավելվածում լրացվում է նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի գործակիցը՝ հաշվի առնելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ի այդ պաշտոնի համար սահմանված գործակիցը:
4) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝
ա. պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման եղանակով.
բ. տեսչական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ գործող օրենքով նախատեսված է բացառություն եւ տեսչական մարմինը միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է Կառավարության որոշմամբ:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
3. Ակնկալվող արդյունքը
Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1164 - Ա
Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 9
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1164-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ