Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-293-24.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը:

1.2. Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «10 տոկոսի» բառերից հետո լրացնել «,իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում՝ 20 տոկոսի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով.

« 4) Համայնքի վարչական սահմանում գտնվող՝ օրենքով չարգելված այլ վայրերում:»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը «քառորդը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացրած տեղական հանրաքվեի դեպքում՝ ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 50 տոկոսը» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եվ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության առանցքային արժեքներից մեկն ապակենտրոնացումն է. գործողություններն իրականացվում էին համատարած, ամենուրեք, ոչ թե կոնկրետ մեկ տեղում ինչ- որ մի խումբ մարդկանց կողմից:

Հետեւաբար, հանրային համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ ՏԻՄ-ի որոշումների կայացումը, դրանց ուժը եւ պատասխանատվությունը կենտրոնացած չլինեն մեկ տեղում, այլ ամեն մեկն իր փոքրիկ լումայով նպաստի առաջընթացին:

Հանրային ծառայությունների մատուցման, ռեսուրսների կառավարման առումով ապակենտրոնացումն այլընտրանք չունի: Ավելի ու ավելի շատ գործառույթներ ու ռեսուրսներ պետք է տրամադրվեն համայնքներին: Համայնքները պետք է կարող լինեն իրականացնել իրենց պատվիրակվող կամ օրենքով տրամադրվող նոր գործառույթները, ինչպիսիք են սոցիալական, կրթական, առողջապահական ծառայությունները, ցանցային ենթակառուցվածքների կառավարումը եւ այլն:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ փոքր համայնքները (հիմնականում՝ մինչեւ երեք հազար բնակչությամբ) այս պահին իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների փոքր մասը: Դա պայմանավորված է հատկապես մասնագիտական կարողությունների սղությամբ, ինչպես նաեւ ֆինանսների կառավարման անարդյունավետությամբ:

Նոր գործառույթների իրականացման, ինչպես նաեւ հանրային միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով համայնքները պետք է միավորվեն՝ մեկտեղելով կարողությունները, ուժը, ռեսուրսները, ենթակառուցվածքները: Միաժամանակ պետք է լիարժեքորեն իրացվի մարդկանց տեղական ինքնակառավարման իրավունքը:

Այս առումով առաջարկվում է տեղական հանրաքվեի ինստիտուտի կիրառման հնարավորություն տալ համայնքներին՝ վերջինների միավորման կամ բաժանման պարագայում:

2005թ. Սահմանադրության փոփոխությունների 110-րդ հոդվածը սահմանում էր հետեւյալը. «Մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Վերջինների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից:»: Իսկ գործող՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում սահմանվեցին համայնքների միավորման կամ բաժանման նոր իրավաիրացնող կարգավորումներ: Մասնավորապես՝ Սահմանադրության 190-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը. «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը:»: Փաստորեն, գործող Սահմանադրությունը համայնքների կարծիքը պարտադիր կերպով լսելու պարտավորությունը վերապահել է ոչ թե գործադիր իշխանությանը, այլ օրենսդիր մարմնին, սակայն առանց տեղական հանրաքվե անցկացնելու պայմանի: Տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական համապատասխան նորմի բացակայությունն ի սկզբանե կանխորոշում է համայնքների կարծիքը լսելու այլ ձեւաչափեր սահմանելու անհրաժեշտությունը: Ազգային Ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, իսկ այդ լիազորությունների իրականացման ընթացակարգը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը՝ քաղաքացիական հասարակության ձայնը, հանրային կարծիքը լսելու, տվյալ դեպքում համայնքի կարծիքը լսելու համար սահմանել է խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու իրավական հնարավորությունը, որի կարգավորումներից դուրս, ըստ էության Ազգային ժողովը այլ ձեւաչափերով կարծիք լսելու հնարավորություն չունի: Այդ իսկ պատճառով, համայնքների միավորման կամ բաժանման դեպքերում համայնքների կարծիքը լսելու պարտավորությունը գործնականում Ազգային ժողովի վրա դնելը չի իրացնելու համայնքների լսված լինելու իրավունքը:

Համայնքների միավորման գործընթացի ժամանակ համայնքների կարծիքը լսելու իրավական կառուցակարգերը Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված չեն, եւ օրենսդրական կիրառության տեսանկյունից այն համարվում է իրավական բացթողում: Նպատակ ունենալով ապահովելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված համայնքների կարծիքը լսելու վերաբերյալ նորմի լիարժեք կիրարկումը, սույն հիմնավորման հիմքում ընկած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է օրենսդրական մակարդակով իրացնել համայնքների լսված լինելու իրավունքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող օրենքի «Տեղական հանրաքվեի դրվող հարցերը» վերտառությամբ 4-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասերով: Համաձայն վերը մեջբերված լրացվող մասերի՝  համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվել է սահմանել, որ համայնքի

միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդակցական բնույթ:

Նախագծային վերը նշված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ համայնքների բնակիչների նախաձեռնությամբ իրականացվող տեղական հանրաքվեները ոչ թե պարտադիր պայման  են վերջիններիս համար, այլ ստեղծվող հնարավորություն այն դեպքերում, երբ ձեւավորված չէ համայնքի ընդհանուր դիրքորոշումը կամ կարծիքը, եւ դա ունենալու համար անհրաժեշտություն է առաջանալու կազմակերպել եւ անցկացնել տեղական հանրաքվե:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի նախաձեռնումը եւ իրականացումը կառավարության բացառիկ իրավասությունն է, ինչպես նաեւ հիմքում ունենալով առաջավոր  Եվրոպայի 20-ից ավելի երկրների միջազգային օրենսդրական փորձի ուսումնասիրությունները, նպատակահարմար եւ իրավաչափ է համարվել նախատեսել տեղական հանրաքվեի արդյունքների ոչ իմպերատիվ կիրառության  կարգավորումը:

Միաժամանակ, իրավակիրառական անհրաժեշտությունից ելնելով, օրենսդրական նախագծային փաթեթում ներառվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել գործող օրենքի «Նոր համայնքների ձեւավորումը» վերտառությամբ 5.1-րդ հոդվածում: Առաջարկվում է ամրագրել հետյալ կարգավորումները. համայնքների միավորման կամ բաժանման հարցով համայնքների բնակչության նախաձեռնությամբ կարող են նախաձեռնվել եւ անցկացվել տեղական հանրաքվեներ՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Բացի դրանից, որպես արդյունքահեն կարգավորում, նախատեսվել է ամրագրել, որ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից:

Նաեւ առաջարկում ենք «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն. օրենքի  5-րդ հոդվածով սահմանվում է, որ   վարչատարածքային բաժանմանը վերաբերող օրենքների նախագծերը չեն կարող դրվել հանրաքվեի: Առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը:

3. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված Նախագծի   ընդունման  արդյունքում կկարգավորվեն  Հայաստանի Հանրապետությունում համայնքների միավորման կամ բաժանման գործընթացներում համայնքների կարծիքը լսելու իրավահարաբերությունները, մասնավորապես՝ համայնքների բնակչությանը կընձեռվի սեփական կամարտահայտման դրսեւորումների արդյունքում նախաձեռնել եւ անցկացնել այդ հարցի շուրջ տեղական հանրաքվե, որի արդյունքում կբացահայտվի համայնքի իրական կարծիքը նախաձեռնվող գործընթացի նկատմամբ:

Նշված կարգավորումների ընդունման արդյունքում ինստիտուցիոնալ լուծումներ առաջադրելու մեթոդով կարգավորվելու է Հայաստանի Հանրապետությունում ընթացող եւ պլանավորված վարչատարածքային բարեփոխումների ժամանակ համայնքների կարծիքը լսելու հարաբերությունները:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների  տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում, նաեւ հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով):

Վերոգրյալը հաշվի առնելով, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության մակարդակում Հայաստանի Հանրապետության կողմից ամբողջությամբ վավերացված միջազգային իրավական փաստաթղթի դրույթներով սահմանված պարտավորության օրենսդրական իրացումը, որը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ համայնքների կարծիքն առավել կառուցողական մոտեցմամբ լսելու կիրառվող  ընթացակարգերի վրա:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

23.09.2019թ.
 


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եվ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան),

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագծերի փաթեթը դնել  շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք:
 
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝ 
Վարազդատ Կարապետյան (70)