Հոդված 1 . «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում «վարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիայի» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի գործողության ոլորտը (բացի նշված օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում նշված անձանց) չտարածել նաեւ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի վրա: Վերջինս բխում է հետեւյալից.
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի VIII գլխի համաձայն արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունները կրում են պայմանագրային բնույթ: Ընդ որում, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը, ներդրողների պաշտպանությունն ապահովելու նպատակով, ի լրումն օրենսդրությամբ սահմանված պահանջների, իրավունք ունի սահմանել մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց եւ հաճախորդների միջեւ կնքվող պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջներ: Մասնավորապես, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը սահմանել է բրոքերային (դիլերային) ծառայությունների պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց կազմում ներառված է նաեւ հաճախորդից գանձվող միջնորդավճարի հաշվարկման եւ վճարման կարգի` պայմանագրով պարտադիր ներառման պահանջը :
Միեւնույն ժամանակ, հատկանշական է այն հանգամանքը, որ ի լրումն բանկերի եւ վարկային կազմակերպությունների [1] , արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք եւս հանդիսանում են ֆինանսական հաստատություններ, իսկ ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան` արժեթղթերի շուկայի բնականոն գործունեությունն ապահովող կարեւորագույն ենթակառույցները:
[1] «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտը չի տարածվում բանկերի, օտարերկրյա բանկերի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց վրա` այդ գործունեության մասով: