Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով.
«3.1 Ազգային ժողովը համայնքների միավորման կամ բաժանման մասին համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը:
3.2 Գլխադասային հանձնաժողովը մինչեւ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն տալը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ միավորվող կամ բաժանվող համայնքների կարծիքը լսելու համար:
3.3. Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների արձանագրությունը գլխադասային հանձնաժողովի կողմից սույն օրենքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով տրված եզրակացության հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով արմատապես փոխվեց մոտեցումը համայնքների միավորման կամ բաժանման դեպքում օրենսդիրի եւ գործադիրի կողմից իրականացվող գործընթացների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով սահմանվում էր, որ մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ, տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը, համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքից:
Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 190-րդ հոդվածով համայնքների միավորման կամ բաժանման մասով սահմանվել են նոր կարգավորումներ, մասնավորապես 190-րդ հոդվածով սահմանվում է. «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել? Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը?»:
Ազգային Ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ այդ լիազորությունների իրականացման ընթացակարգը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Սակայն Սահմանադրության Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող վերոհիշյալ իմպերատիվ դրույթը չի ներառվել ԱԺ կանոնակարգ օրենքում:
Միեւնույն ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը՝ քաղաքացիական հասարակության ձայնը, հանրային կարծիքը լսելու համար սահմանում է խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու իրավական հնարավորություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով եւ սահմանել դրույթ՝ միավորվող կամ բաժանվող համայնքների կարծիքը խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու միջոցով լսելու մասին:
3. Ակնկալվող արդյունքը
Ներկայացված Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետությունում համայնքների միավորման կամ բաժանման գործընթացներում համայնքների կարծիքը լսելու կարգը, ինչպես նաեւ օրենսդրական մակարդակով կիրացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգավորումը:
Նշված կարգավորումների ընդունման արդյունքում ինստիտուցիոնալ լուծումներ առաջադրելու մեթոդով կարգավորվելու է Հայաստանի Հանրապետությունում ընթացող եւ պլանավորված վարչատարածքային բարեփոխումների ժամանակ համայնքների կարծիքը լսելու հարաբերությունները:
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի? դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
23.09.2019թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վարազդատ Կարապետյան )
բ) նախագծի ընդունման հիմնավորումը
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ ենք:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ |
Վարազդատ Կարապետյան (70) Վահե Ղալումյան (88) |