Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել 15.1-ին կետով.
«իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից.»:
Քաղվածքում ներկայացվում են 10%-ից ավել մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.
«2.1 Սույն օրենքի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի համար դիմողը ներկայացնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմին է ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո 14 օրվա ընթացքում փոփոխության մասին տեղեկացնում է լիազոր մարմնին` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»
Հոդված 4. Օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ե, զ, է եւ ը կետերով.
«ե) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձը չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2.1-ին մասով պահանջվող իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:».
«զ) սույն հոդվածի 2-րդ մասի ե) կետով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիան կասեցվում է մինչեւ սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով):
Է) լիազոր մարմինը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի ե) կետով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում:
ը) լիազոր մարմինը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիան կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի ե) կետով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:»
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի իմաստով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ունեցող անձինք իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ
Օրենքի ընդունման առաջնային նպատակն է էներգետիկայի բնագավառում, որը հանրային ծառայությունների կարեւորագույն ոլորտներից մեկն է, թափանցիկության ապահովումը: Այդ մոտեցումն ամրագրված է 2019 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում, որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը: Հանրային ծաառայությունների ոլորտում գործող իրավաբանական անձանց գործունեության թափանցիկությունը բխում է հանրային շահի սպասարկման պետության գործառույթից:
Տվյալների հրապարակայնության եւ մատչելիության ապահովման համակարգը ներդրված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2019 թվականի ապրիլի 23-ին ընդունված համապատասխան լրացումներով, ուստի նշյալ բնագավառում համապատասխան կարգավորումներ իրականացնելով հնարավոր է դառնում էներգետիկայի բնագավառում իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Մանուկյանի եւ Բ. Թունյանի կողմից «Էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
1. օրենքի նախագիծը,
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ Պատգամավոր Արտակ Մանուկյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` Արտակ Մանուկյան
Բաբկեն Թունյան