Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-560-11.04.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի /այսուհետ` լիազորված մարմին/ ու Հայաստանի Հանրապետությունում գործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հարաբերությունները անասնաբուժության բնագավառում:

Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

կենդանիներ՝ գյուղատնտեսական, ընտանի կենդանիներ ու թռչուններ, լաբորատոր կենդանիներ, մորթատու գազաններ, ազատ եւ անազատ պայմաններում պահպանվող վայրի կենդանիներ ու թռչուններ, ձկներ, խեցգետիններ, մեղու, բեղմնավորված ձկնկիթ, սաղմ, ինկուբացիոն ձու, շերամ.

անասնաբուժություն՝ բնագավառ, որն իրականացնում է կենդանիների հիվանդությունների կանխման, վերացման, ախտորոշման ու հիվանդկենդանիների բուժման համալիր միջոցառումներ, իրագործում է պետական վերահսկողություն կենդանական ծագման մթերքի եւ հումքի արտադրության, վերամշակման, տեղափոխման, իրացման, անասնաբուժական դեղամիջոցների եւ անասնաբուժական միջոցների, կերերի եւ լրացակերերի տեղական արտադրության, դրանց ներմուծման եւ արտահանման, կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից Հայաստանի Հանրապետության տարածքի պահպանության նկատմամբ.

անասնաբուժական գործունեություն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեություն, որը նպատակաուղղված է կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը, բնակչությանըկենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդություններից պաշտպանմանը, անասնահամաճարակային իրավիճակների կանխմանը, բարորակ կենդանական ծագում ունեցող հումքի եւ մթերքի ստացմանը.

կենդանական ծագման մթերք՝ ցամաքային եւջրային կաթնասուններից, թռչուններից, սողուններից ստացված միս ու սպանդային ենթամթերքներ, կաթ եւ չփաթեթավորված կաթնամթերք, ձուկ եւ չփաթեթավորված ձկնամթերք, ձու, մեղր, խեցգետնակերպեր, փափկամարմիններ, որոնք սպառվում են բնակչության կողմից եւ օգտագործվում են նաեւ որպես հումք.

կենդանական ծագման հումք՝ կաշի, մորթի, բուրդ, մազ, փետուր, աղվամազ, ներզատիչ գեղձեր, աղիք, եղջյուր, սմբակ, ոսկոր, ճարպ, լեղի, արյուն, մեղրի մոմաթերթ եւ այլն, որոնք օգտագործվում են վերամշակող արտադրությունում ու կենդանիներին կերակրելու համար.

անասնաբուժական ձեւաթուղթ` անասնաբուժասանիտարական հաշվառված վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ,որը հաստատում է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների առողջական վիճակը, կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի ծագումը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբապահով տարածքներից եւ կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը .

անասնաբուժասանիտարական փորձաքննություն՝ կենդանիների հիվանդութ-յունների նկատմամբ կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի ու լրացակերերի ախտորոշիչ եւ անասնաբուժասանիտարական պիտանելիության գնահատման նպատակով անասնաբուժասանիտարական կանոններին եւ նորմերին համապատասխան կատարվող հատուկ հետազոտություններ.

անասնաբուժական դեղամիջոցներ՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման համար նախատեսված կենսաբանական, իմունակենսաբանական, բուսական, քիմիադեղագործական նյութեր, պատրաստուկներ.

անասնաբուժական միջոցներ՝ անասնաբուժական գործունեության համար անհրաժեշտ սարքեր, գործիքներ, սարքավորումներ, անասնաբուժական հատուկ տրանսպորտ, տեխնիկա.

կերեր` բուսական եւ կենդանական, ինչպես նաեւ հանքային ծագման արտադրանք, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման համար.

լրացակերեր՝ սպիտակուցներ, ամինաթթուներ, վիտամիններ, մակրո եւ միկրոտարրեր, ֆերմենտայինպատրաստուկներ, կերային խմորիչներ,ճարպանյութեր եւ այլ հավելումներ.

կարանտինային հիվանդություններ՝ կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններ, որոնք կարող ենմեծ վնաս պատճառել կենդանիների առողջությանը, իջեցնել կենդանական ծագում ունեցող մթերքի ու հումքի որակը, որոնց դեմ պայքարը պահանջում է կարանտինի սահմանում.

կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ՝ հիվանդություններ, որոնք ունեն արագորեն տարածվելու, ընդարձակ տարածքներ ընդգրկելու եւ մեծ տնտեսական վնասներ հասցնելու հատկություն /դասվում են Համաշխարհային Համաճարակային Բյուրոյի կողմից սահմանված հիվանդությունների «Ա» խմբի ցանկում/.

պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդություններ՝ լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկում ընդգրկված հիվանդություններ, որոնց բացահայտման կամ կասկածի դեպքերը անհապաղ հաղորդվում են անասնաբուժական համապատասխան մարմիններին.

անասնահամաճարակ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների համեմատաբար կարճժամկետում արագ տարածվելու եւ զգալի տարածքներ գրավելու իրողություն, որը բնորոշվում է ընթացքի անընդհատությամբ ու դրսեւորման պարբերականությամբ.

սահմանային հսկիչ անասնաբուժական կետ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում գործող անասնաբուժական պետական տեսչության ստորաբաժանում, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանում կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի եւ լրացակերերի ներմուծման ու արտահանման ժամանակ անասնաբուժասանիտարական հսկողություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանություն օտարերկրյա պետություններից կենդանիների հիվանդությունների ներթափանցումից.

անասնաբուժական ծառայություն՝ կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման, բուժման, վերացման միջոցառումներ, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննություն ու անասնաբուժական այլ կարգի ծառայություններ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.

անասնաբուժական պետական տեսչություն` լիազորված մարմնի կառուցվածքում գործող անասնաբուժական ստորաբաժանում, որն իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառի օրենսդրության պահանջների կատարման եւ կարանտինի իրականացման նկատմամբ.

կենդանիների գրանցում՝ գրանցումներ, որոնք արվում են անասնաբուժական ծառայության կողմից պահվող հատուկ գրքերում՝ կառավարության կողմից հաստատած կարգով, գյուղատնտեսական կենդանիներին` խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին, խոզերին, ձիերին, վերաբերող տեղեկությունների՝ մասնավորապես դրանց սպանդի, անկման կամ կորուստների, գնման կամ այլ իրացման գործընթացի մասին.

կենդանիների համարակալում՝ գյուղատնտեսական կենդանիների ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնել կենդանիներին:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.

ԳԼՈՒԽ II

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 5. Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝

1) անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ապահովումը

2) սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի սահմանումը,

3) կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի սահմանումը,

4) գյուղատնտեսական կենդանիների, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի եւ լրացակերերի արտահանման ու ներկրման կարգի սահմանումը,

5 ) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկի հաստատումը,

6) կարանտինիսահմանումը եւ չեղյալհայտարարումը` երկու եւ ավելի մարզերում անասնահամաճարակի բռնկման դեպքում,

7) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր, պարտադիր ծանուցման ինֆեկցիոն ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանվերացման նպատակային ծրագրերի հաստատումը,

8) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:

Հոդված 6. Անասնաբուժության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

Տարածքային կառավարման մարմինը մարզի տարածքում`

1) կազմակերպում եւ իրականացնում էհակաանասնաճարակային կանխարգելիչ եւ հարկադիր միջոցառումներ՝կենդանիների վարակիչ եւ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով,

2) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում սահմանում եւ չեղյալ է հայտարարում կարանտինը ,

3) աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնաճարակային կանխարգելիչ եւ հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս:

Հոդված 7. Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի իրավասությունները

Անասնաբուժության բնագավառում լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետությունում համակարգում եւ վերահսկում է անասնաբուժական ծառայության գործունեութունը:

Լիազորված մարմինը `

1) վերահսկողություն է իրականացնում անասնաբուժական գործունեության լիցենզիայի պայմանների եւ պահանջների կատարման նկատմամբ,

2) գնահատում, կանխորոշումէ անասնահամաճարակային իրավիճակը,

3) հաստատում է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները,

4) վերլուծում է կենդանիների հիվանդացածության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառները, համապատասխան միջոցառումներ է իրականացնում այդ երեւույթների կանխարգելման նպատակով,

5) ուսումնասիրում եւ վերլուծում է կենդանական ծագման մթերքի ու հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, անասնաբուժական միջոցների, կերերի եւ լրացակերերի արտադրության, դրանցվերամշակման, պահպանման, տեղափոխման գործընթացները եւ դրանց հետագա իրացումը,

6) հաստատում էանասնաբուժական ծառայության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվող համապատասխան անասնաբուժական ձեւաթղթերը,

7) համագործակցում է անասնաբուժության բնագավառի միջազգային, միջպետական կազմակերպությունների հետ,

8) ապահովում է անասնաբուժության բնագավառում առողջապահական եւ այլ պետական մարմինների հետ համագործակցությունը,

9) անասնաբուժության բնագավառում ներդնում է գիտական նվաճումներ եւ նոր տեխնոլոգիաներ:

Հոդված 8. Անասնաբուժական ծառայության հիմնական խնդիրները

Անասնաբուժական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են ՝

1) կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը,

2) կենդանիների պաշտպանությունը վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններից՝ ապահովելով հակաանասնահամաճարակային կանխարգելիչ եւ հարկադիր, ախտորոշիչ, անասնաբուժասանիտարական եւ այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

3) կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի արտադրության, վերամշակման ընթացքում, շուկաներում, կենդանական ծագման մթերքի եւ հումքի իրացման կետերում անասնաբուժասանիտարականփորձաքննության ապահովումը,

4) կենդանիների սերոմոնիտորինգի՝ շիճուկաբանական հետազոտության վերլուծության աշխատանքների իրականացումը,

5) կենդանիների հիվանդացության ու հիվանդություններից անկումների պատճառների բացահայտումը, նմանատիպ երեւույթների կանխարգելման նպատակով խորհրդատվության մատուցումը:

Հոդված 9. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները

Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկականեւ իրավաբանական անձինք իրավունք ունեն՝

1) բուժել հիվանդ կենդանիներին,

2) տրամադրել համապատասխան նմուշի ստորագրված ու կնքված անասնաբուժական ձեւաթուղթ,

3) անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի պիտանելիությունը հավաստելու համար ունենալ դրոշմակնիքներ եւ անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներ,

4) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ խորհրդատվություն կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Հոդված 10. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները եւ պատասխանատվությունը

1.Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկականեւ իրավաբանական անձինք պարտավոր են`

ա) կազմակերպելեւ իրականացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ նախատեսված անասնաբուժական համապատասխան միջոցառումներ,

բ) իրականացնել կլինիկական, լաբորատոր/վիրուսաբանական, մանրէաբանական, կենսաքիմիական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական, հյուսվածքաբանական, մակաբուծաբանական/ եւ այլ թեստեր` կենդանիների հիվանդությունների ախտորոշման համար,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնել կենդանական ծագման մթերքի ու հումքի, կերերի եւ լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննություն,

դ)ունենալ կնիք` անասնաբուժական ծառայությանը սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը հաստատելու համար ,

ե) տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն առողջապահական եւ այլ պետական մարմիններին մարդկանց ու կենդանիների համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման մասին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

2. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկականեւ իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական ու առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ III

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 11. Անասնաբուժական պետական վերահսկողությունը

Անասնաբուժական պետական վերահսկողությունը կազմակերպչական եւ իրավական միջոցառումների համակցություն է` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման, հակաանասնաճարակային հարկադիր միջոցառումների կազմակերպման, իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով: Անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացվում է նաեւ կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման եւ վերամշակման ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող եւ երկրից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների եւ անասնաբուժական դեղամիջոցների, ինչպես նաեւ կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող նյութերի ու առարկաների նկատմամբ:

Հոդված 12. Անասնաբուժական պետական տեսչության գործունեությունը

Անասնաբուժական պետական տեսչությունը վերահսկում է`

1) մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությանն ուղղված անասնաբուժական ծառայությունների գործընթացները,

2) անասնաբուժական ծառայության գործունեությունը,

3) կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման եւ վերացման հակաանասնահամաճարակային եւ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը,

4) կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի եւ լրացակերերի ազատ շրջանառության համար ներմուծումը եւ արտահանումը,

5) կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի եւ լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննության,կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի եւ լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, վերամշակման, տեղափոխման, պահպանման, իրացման, ինչպես նաեւ դրանց եւ կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման համապատասխանությունը հակաանասնահամաճարակային կանոններին, անասնաբուժասանիտարական կանոններին եւ նորմերին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով,

6) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվողկենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների տեղափոխության գործընթացները, ստուգել արտահանող երկրի կողմից տրված անասնաբուժական համապատասխան փաստաթղթերը:

7) այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացումը:

Հոդված 13. Անասնաբուժական պետական տեսուչի իրավունքները

Անասնաբուժական պետական տեսուչը իրավունք ունի`

1) անասնաբուժական ծառայությունից պահանջել տեղեկատվություն իրենց կողմից սպասարկվող տարածքների անասնահամաճարակային իրավիճակի, իրականացվող անասնաբուժական միջոցառումների մասին,

2) կատարել ստուգումներ՝ «Ստուգումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքիհամաձայն,

3) անասնաբուժական բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման համար առաջադրանքներ եւ հետեւել դրանց իրականացմանը,

4) օրենքով սահմանված կարգով նշանակել վարչական տույժեր եւ տուգանքներ,

5) ստուգել եւ վերլուծել հակաանասնահամաճարակային կանոնների, անասնաբուժասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանումըանասնապահության վայրերում, սպանդանոցներում, մսի, կաթի, կենդանական ծագման այլ մթերքի եւ հումքի մշակման, վերամշակման կազմակերպություններում, իրացման կետերում, պահեստներում,

6) ստուգելհանրապետության շուկաների տեղանքում, կենդանական ծագման մթերք եւ հումքիրացնող կետերում անասնաբուժասանիտարական փորձաքննության գործընթացը եւ դրա իրականացման համար համապատասխան պայմանների առկայությունը, արգելել անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի պահանջներին չհամապատասխանող կենդանական ծագման մթերքի եւ հումքի իրացումը, իսկ անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված կենդանական ծագման մթերքը եւ հումքը, կերերը եւ լրացակերերը ուղարկել ոչնչացման կամ վերամշակման:

Հոդված 14. Անասնաբուժական պետական տեսուչի պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Անասնաբուժական պետական տեսուչը պարտավոր է`

ա) պահպանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրենքով սահմանված իրավունքները,

բ) չխոչընդոտել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն աշխատանքին,

գ) չհրապարակել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ,

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումայինհսկիչ անասնաբուժական կետում զննել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ արտահանվող կենդանիներին, ստուգել ներմուծվող եւ արտահանվող կենդանական ծագման մթերքի ու հումքի համապատասխանությունը ներկայացվող փաստաթղթերին:

2. Անասնաբուժական պետական տեսուչը իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական եւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ IV

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 15. Անասնաբուժական պետական կարգավորման գործառույթների ֆինանսավորումը

1. Անասնաբուժության բնագավառում անասնաբուժական ծառայության ֆինանսավորումըկարող է իրականացվել պետական բյուջեի միջոցներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում չընդգրկվածկենդանիների մյուս վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանը ու վերացմանն ուղղված անասնաբուժական ծառայության, անասնաբուժական գործունեության ու դրանց անասնաբուժական վերահսկողության իրականացումը հանդիսանում են վճարովի ծառայություններ:

ԳԼՈՒԽ V

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 16. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները կարանտինային հիվանդությունների կանխարգելման ու վերացման համալիրում

Կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման նպատակով կենդանիների պահպանմամբ, կենդանական ծագում ունեցող մթերքի եւ հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի եւ լրացակերերի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխությամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) ապահովել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմաննու վարակի օջախի վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

2) Հայաստանի Հանրապետության տարածքից կենդանիներ, կենդանական ծագման մթերք եւ հումք, անասնաբուժական դեղամիջոցներ, կերեր եւ լրացակերեր ազատ շրջանառության համար արտահանել ու երկրի տարածքում դրանց տեղափոխումը իրականացնել միայն անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական համապատասխան ձեւաթղթի ուղեկցությամբ,

3) Հայաստանի Հանրապետություն ազատ շրջանառության համար ներկրել կենդանիներ, կենդանական ծագման մթերք եւ հումք, կերեր, լրացակերեր անասնաբուժական դեղամիջոցներ ու անասնաբուժական միջոցներ, եթե ներկայացվեն արտահանող երկրում դրանց գրանցումը եւ օգտագործումը հաստատող համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր,

4) Հայաստանի Հանրապետություն ազատ շրջանառության համար ներմուծված կենդանիներին 30 օր մեկուսացված պահել կանխարգելիչ կարանտինում` ինֆեկցիոն հիվանդությունների թափանցումը եւ տարածումը կանխող միջոցառումներ իրականացնելու,հիվանդությունների ախտորոշիչ հետազոտություններ եւ կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով, բացառությամբ ցուցահանդեսներում, կոնֆերանսներում, ներկայացումներում մասնակցելու նպատակներով ներմուծված կենդանիների, հիմք ընդունելով դրանց ուղեկցող փաստաթղթերը,

5) անասնաբուժական ծառայությանը անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամանկումների մասին,

6) թույլ տալ եւ աջակցել անասնաբույժներին զննելու կենդանիներին, պատվաստել դրանց, ինչպես նաեւ կատարել արյան հետազոտություն եւ այլ թեստեր, հակաանասնաճարակային ու անասնաբուժական կանխարգելիչ այլ միջոցառումներ,

7) կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի եւ հումքի կերերի եւ լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխան անասնաբուժական ձեւաթղթերի առկայության դեպքում,

8) առանց անասնաբույժի գրավոր համաձայնության՝ բացառել հիվանդ կենդանիների սպանդը եւ սպանդից գոյացած մսեղիքի, սպանդային մյուս մթերքների եւ հումքի իրացումը,

9) կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի եւ լրացակերերի, տեղափոխումը իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17.Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների օջախների վերացման միջոցառումները

Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների կասկածի դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հիվանդության տարածումը կանխելու համար:

Անասնաբուժական ծառայությունը պարտավոր է կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշումը հաստատել լիազորված մարմնի միջոցով՝ լաբորատոր հետազոտության ուղարկելով ախտաբանական նմուշներ:

Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցմանինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշումը հաստատվելուց հետո սահմանվում է կարանտին եւ համապատասխան կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվում հիվանդության վերացումը եւ տարածումը կանխելու նպատակով՝ ներառելով նաեւ կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի,կերերի եւ լրացակերերի, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքը կասկածյալ գոտում:

Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների վերացման միջոցառումների համալիրում, հաշվի առնելով հիվանդության հարուցչի ախտածնությունը եւ վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի աշխարհագրական դիրքը եւ բնական այլ պայմանները, որոշվում են`

ա) վարակի օջախի տարածքի սահմանները,

բ) վարակի օջախի շուրջը 3 կմ շառավղով պաշտպանվող շրջակայքի սահմանները,

գ) պաշտպանվող շրջակայքի շուրջը վերահսկվող 10 կմ շառավղով տարածքի սահմանները:

Նշված տարածքներում (այսուհետ` կարանտինային գոտի) իրականացվում են հակաանասնաճարակային հետեւյալ միջոցառումները.

ա) եթե կարանտինային գոտին ներառում է երկու սահմանակից մարզերի տարածքները, ապա հիվանդության վերացման միջոցառումները պլանավորվում եւ իրականացվում են համատեղ՝ երկու մարզերի անասնաբուժական ծառայությունների կողմից, իսկ եթե անասնաճարակը ընդգրկել է երեք եւ ավելի մարզեր, հիվանդության վերացման միջոցառումների իրականացումը կազմակերպում է լիազորված մարմինը,

բ) եթե կենդանիների վերը նշված ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչը վտանգավոր է նաեւ մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ,

գ) լիազորված մարմինը լրացուցիչ միջոցառումներ` կարանտինի ժամկետի երկարաձգում, համայնքների ու մարզերի տարածքում հասարակական եւ մասնավոր տրանսպորտային միջոցների երթուղիների արգելք, երթուղափոփոխություն իրականացնելու առաջարկությամբ պետք է դիմի տարածքային պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության եւ այլ ուժերն ու միջոցները, որոնք համապատասխան միջոցառման մասին պետք է որոշում կայացնեն 24 ժամվա ընթացքում,

դ) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հաստատումից հետո սույն հոդվածի 4-րդ մասի «ա», «բ», «գ» կետերում նշված տարածքներում վարակի օջախի վերացման վերաբերյալ անասնաբուժական ծառայության մասնագետի կարգադրությունները պարտադիր ենբոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար,

ե) անասնաբուժական ծառայության մասնագետը կարող է պարտադրել սպանդանոցներում, կենդանական ծագման մթերք եւ հումք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության ձեւից եւ կազմակերպական-իրավական կարգավիճակից, հակաանասնահամաճարակային եւ անասնաբուժասանիտարական կանոնների համաձայն սանիտարական հարկադիր սպանդի ենթարկել կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդ կենդանիներին կամ վերամշակել դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը, որոնց վերացման ու հետագա տարածումը կանխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պահանջվում է իրականացնել համապատասխան միջոցառումներ,

զ) եթե կենդանիների վարակիչ հիվանդության վերացման կամ դրա տարածումը կանխելու համար անհրաժեշտ է ոչնչացնել ընկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիներին,դրանց սաղմերը, մորթին, կաշին, մսեղիքը, սպանդի մնացորդները կամ կենդանական ծագման այլ մթերք ու հումք, ապա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք անասնաբուժական ծառայության մասնագետի գրավոր ցուցումների համաձայն, դրանց ոչնչացնում են թաղման, այրման կամ այլ եղանակներով, իսկ համապատասխան թույլտվության դեպքում` սահմանված կարգով տեղափոխում ավելցուկների վերամշակման:

ԳԼՈՒԽ VI

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 18. Կենդանիների համարակալումն ու գրանցումը

Հայաստանի Հանրապետությունում Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական կենդանիների գրանցման եւ համարակալման գործընթացը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Անասնաբուժական ծառայությունը պարտավոր է գրանցմանգրքերում մուտքագրել համարակալված կենդանիների անհատական տվյալների, շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների եւ այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկություները, դրանց մասին կազմել ամենամսյա, ամփոփ հաշվետվություններ եւ ներկայացնել լիազորված մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

Կենդանիների գրանցման, պահանջվող ձեւերի, գրանցման գրքերի եւ կենդանիների անձնագրերի տպագրման, կենդանիների ականջների պիտակավորման գործընթացի, պիտակավորման համար անհրաժեշտ սարքավորումների, տարբերակող պիտակների ձեռք բերման, ստացված տվյալների մշակմանֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրածճանաչել` «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ -16 օրենքը:

Հիմնավորում

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Անասնաբուժության բնագավառի գործունեությունը պահանջում է հստակ օրենսդրական դաշտ, որը կսահմանի համակարգի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները:

«Անասնաբուժության մասին» օրենքը հանդիսանում է կենտրոնական իրավական ակտ, որը սահմանում է անասնաբուժության բնագավառի գործունեության հիմնական խնդիրները եւ դրանց լուծման գործնական ուղղությունները:

Գերակա խնդիր համարելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական բարգավաճումր՝ տարբեր ոլորտներում կատարվում են շարունակականբարեփոխումներ: Այդ իսկ առումով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Անասանաբուժության մասին» ՀՀ օրենքին որ նախագիծ՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի1930-ն որոշման 75-րդ կետը:

Օրենքի նախագիծը կստեղծի համապարփակ օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ընդունել ենթաօրենսդրական ակտեր՝ նոր առաջացած պայմաններին արձագանքելու նպատակով: Օրենքի նախագծում կատարվել են մի շարք միջազգայնորեն ընդունված փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կապահովեն նրա համապատասխանությունը ԵՀ-ի օրենսդրությանը:

Նախագծում նախատեսված են դրույթներ հանրության առողջության պաշտպանության, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Ներկայումս բազմաթիվ խնդիրներ են առաջացել հակաանասնաճարակային կանխարգելիչեւ հարկադիր միջոցառումների իրականացման գործընթացում՝ կապված անասնագլխաքանակի ոչ ճիշտ հաշվառման հետ: Այդ նպատակով օրենքի նախագծում ամրագրված են դրույթներ՝ գյուղատնտեսական կենդանիների պարտադիր համարակալման եւ գրանցման մասին: Հստակեցվել է նաեւ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անասնաբուժական ծառայությունների գործընթացը:

Օրենքի նախագծում իրավահավասար պայմաններ են նախատեսված անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկակական եւ իրավաբանական անձանց համար, որոնք կունենան համապատասխան ատեստավորում եւ լիցենզիա:

Օրենքի նախագծում հստակեցվել են կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները: Առանձին դրույթներով տարանջատվել են անասանբուժության բնագավառում ՀՀ կառավարության, տարածքային կառավարման պետական մարմինների եւ պետական լիազորված մարմնի իրավասությունները:

«Անասնաբուժության մասին» օրենքի նախագծում նախատեսված են կենդանիների պարտադիր ծանուցման, կարանտինային եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ դրանց վերացման անասնաբուժասանիտարական կանոնները:

Նախագծում դրույթներ են սահմանված որսի եւ վայրի կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի հումքի պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման, ինչպես նաեւ կենդանիների պաշտպանության եւ անասնաբուժական միջոցների ներկրման, արտահանման, ինչպես նաեւ հանրապետության տարածքում վերջիններիս արտադրության, պահպանման, տեղափոխման եւ իրացման նկատմամբ անասնաբուժական վերահսկողություն իրականացնելու գործընթացների վերաբերյալ:

Սույն նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն 1999 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված «Անասնաբուժության մասին» օրենքը եւ 1996 թվականի հունիսի 10-ին ընդունված «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի յոթերորդ հոդվածը: