ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները, տարածքային կառավարման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի, մարզպետների լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորում է մերջիններիս նշանակման եւ ազատման հետ կապված իրավահարաբերությունները:
Հոդված 2. Տարածքային կառավարման մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ տարածքային կառավարման իրավահարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 3 Տարածքային կառավարման սկզբունքները
Տարածքային կառավարման սկզբունքներն են՝
1) պետական եւ համայնքային շահերի ներդաշնակեցումը.
2) մարզպետների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների ու վերջիններիս տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությունը եւ գործողությունների փոխհամաձայնեցվածությունը.
3) տարածքային համաչափ եւ կայուն զարգացումը:
ԳԼՈՒԽ 2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 4. Տարածքային կառավարման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը
1. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝
1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.
2) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
3) քննարկում եւ համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
4) պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.
5) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաեւ գրավոր համաձայնեցում է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական եւ իրավական հսկողությանը.
6) Երեւան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
7) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
8) ապահովում է մարզպետների գործունեության գնահատման աշխատանքների իրականացումը եւ գնահատման արդյունքների ներկայացումը վարչապետին:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:
Հոդված 5. Մարզպետը եւ նրա ընդհանուր լիազորությունները
1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:
2. Մարզպետը`
1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն եւ նյութեր.
3) լիազորված մարմնին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ եւ դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերը.
5) սահմանված կարգով նախապատրաստում եւ առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաեւ Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության եւ մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմնին, ինչպես նաեւ ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջովներով:
8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ապահովելու ուղղությամբ.
12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը՝ վերջինիս դիմելու դեպքում:
3. Մարզպետը ընդունում է որոշումներ:
4. Մարզպետի կողմից կատարված աշխատանքները ենթակա են գնահատման:
5. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 6 Մարզպետի նշանակման եւ ազատման կարգը
1. Մարզպետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Կառավարությունը:
2. Մարզպետի նշանակման առաջարկությանը կցվում են՝
1) մարզպետի թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք՝ մարզպետի թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության տված տեղեկանքը, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) մարզպետի թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) մարզպետի թեկնածուի համառոտ կենսագրությունը:
3. Սույն հոդվածի իմաստով` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե
1) հրաժարական է ներկայացրել.
2) դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) խախտվել է պաշտոնի անհամատեղելիության պահանջները.
4) նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն.
5) Կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:
6. Համարվում է, որ մարզպետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) մարզպետը մահացել է.
2) մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
7. Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները եւ անհամատեղելիության պահանջները:
Հոդված 7. Մարզպետի աշխատակազմը
1. Մարզպետի աշխատակազմի ղեկավարման առանձնահատկությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում մարզպետը, իր իրավասության սահմաններում, իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:
Հոդված 8. Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները
1. Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետեւյալ հիմնական բնագավառներում`
1) ֆինանսներ.
2) քաղաքաշինություն.
3) տրանսպորտ եւ ճանապարհաշինություն.
4) գյուղատնտեսություն եւ հողօգտագործում.
5) կրթություն.
6) առողջապահություն.
7) սոցիալական պաշտպանություն.
8) մշակույթ, սպորտ եւ երիտասարդություն.
9) շրջակա միջավայրի պահպանություն.
10) պաշտպանություն.
11) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.
12) տնտեսության զարգացում:
Հոդված 9. Մարզպետի լիազորությունները ֆինանսների բնագավառում
1. Մարզպետը ֆինանսների բնագավառում ՝
1) սահմանված կարգով մշակում եւ լիազորված մարմնի միջոցով կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաեւ մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
2) վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.
3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.
4) մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:
Հոդված 10. Մարզպետի լիազորությունները քաղաքաշինության բնագավառում
1. Մարզպետը քաղաքաշինության բնագավառում `
1) լիազորված մարմնի միջոցով, սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.
3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը եւ ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.
5) կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում.
Հոդված 11. Մարզպետի լիազորությունները տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառներում
1. Մարզպետը տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառներում`
1) կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաեւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.
2) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը:
3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 12. Մարզպետի լիազորությունները գյուղատնտեսության եւ հողօգտագործման բնագավառներում
1. Մարզպետը գյուղատնտեսության եւ հողօգտագործման բնագավառներում `
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.
2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները եւ դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
3) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
4) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի եւ կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին:
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 13. Մարզպետի լիազորությունները կրթության բնագավառում
1. Մարզպետը կրթության բնագավառում`
1) մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.
2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.
3) ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
Հոդված 14. Մարզպետի լիազորությունները առողջապահության բնագավառում
1. Մարզպետը առողջապահության բնագավառում`
1) իրագործում է բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերը, ինչպես նաեւ ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.
3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) որոշում է մարզի տարածքում զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու եւ դրանք չեղյալ հայտարարելու հարցերը.
5) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների իրականացմանը:
6) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
Հոդված 15. Մարզպետի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում
1. Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`
1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.
2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների եւ կազմակերպությունների գործունեությունը.
3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:
4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
Հոդված 16. Մարզպետի լիազորությունները մշակույթի, սպորտի եւ երիտասարդության բնագավառներում
1. Մարզպետը մշակույթի եւ սպորտի բնագավառներում`
1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային եւ սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաեւ մարզային մշակութային եւ սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) մասնակցում է մշակույթի, սպորտի եւ երիտասարդական պետական քաղաքականության իրականացմանը՝ մարզի տարածքում.
3) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ օգտագործման ուղղությամբ.
4) ապահովում է մարզային ենթակայության մշակութային եւ սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը:
5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հոդված 17. Մարզպետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
1. Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`
1) մասնակցում է բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը եւ իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
Հոդված 18. Մարզպետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում
1. Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում ՝
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:
2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ:
3) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին:
4) իրականացնում է իր աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը:
5) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը:
6) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին
Հոդված 19. Մարզպետի լիազորությունները քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում
1. Մարզպետը քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում՝
1) կազմակերպում եւ համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման, տարերային եւ տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
2) մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաեւ օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային եւ տեխնածին աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին.
4) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին.
5) հաստատում եւ գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման պլանները.
Հոդված 20. Մարզպետի լիազորությունները տնտեսության զարգացման բնագավառում
1. Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում՝
1) Տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը:
2) Ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը եւ մշտադիտարկման իրականացումը:
3) Ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման եւ լիազորված մարմնի հաստատմանը ներկայացման աշխատանքների, ինչպես նաեւ հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը:
4) Ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ համագործակցությունը:
5) Իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաեւ մարզի զարգացմանը միտված առաջարկությունների ներկայացումը լիազորված մարմնին:
Հոդված 21. Մարզպետին կից խորհրդակցական մարմինները
1. Մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունը արդյունավետ իրագործելու նպատակով մարզպետը կարող է ձեւավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ:
2. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռամսյա ժամկետում Կառավարությունը սահմանում է մարզի խորհուրդի կազմավորման եւ գործունեության կարգը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ