Armenian ARMSCII Armenian
Պ-1481-22.05.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածի 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից:

3. Սույն օրենքի գործողության ընթացքում սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների՝ Օրենքի 20-րդ հոդվածով  սահմանված կարգով հիմնական աշխատավարձի բնականոն աճի իրավունք ձեռք բերելու դեպքում բնականոն աճը կիրառվում է Օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի՝  տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի եւ օրենքով սահմանված կարգով բնականոն  աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով: