Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3001-30.09.2019-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-164-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական կրթության հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված անվճար եւ վճարովի տեղերի, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցութային հիմունքներով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 01-ից:
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ԿՐԹՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ


1. Առկա իրավիճակն ու կարգավորման անհրաժեշտությունը

1) Սահմանադրական բարեփոխումների համատեքստում պետությունն ամրագրել է միջնակարգ կրթությունն անվճար կազմակերպելու պարտավորությունը եւ միաժամանակ, օրենքի ուժով բարձրացնելով պարտադիր կրթության աստիճանը (9-ամյա հիմնական կրթությունից՝ 12-ամյա միջնակարգ կրթության)` պետությունը երաշխիքներ է ստեղծել երեխաներին կրթության մեջ ընդգրկելու միջոցով զարգացող, գործող ու սոցիալական խնդիրներն ինքնուրույն հաղթահարող երիտասարդություն ձեւավորելու համար:

Միանշանակ, ընդունելով եւ քննարկումից դուրս համարելով որդեգրված քաղաքականությունը, հարկ է անդրադառնալ նշված դրույթների կիրառման եւ մեկնաբանման հարցի վերանայմանը, քանի որ առաջնորդվելով սահմանադրական մեկ դրույթով՝ խախտվում է մյուսը?

Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 38-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:»:

Այս հիմքով, 2015 թվականին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում կատարվել է փոփոխություն եւ 2017 թվականի հունիսի 01-ից ուժի մեջ է մտել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի նոր խմբագրությունը (ՀՕ-20-Ն, ընդունված 2015 թվականի ապրիլի 22-ին), համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: (...)»:

Վերոնշյալից հետեւում է, որ 12-ամյա միջնակարգ կրթությունն ամրագրվել է որպես պարտադիր եւ անվճար կրթություն, որը կարող է կազմակերպվել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի ծրագրով կամ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթության հիմքի վրա համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում:

Հիմք ընդունելով օրենքի պահանջը` 2017-2018 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան՝ մրցութային կարգով:

Մինչ այդ մասնագիտական ուսումնական հաստատությունները հնարավորություն են ունեցել համապատասխան լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում՝ ընդունելություն կատարել անվճար եւ վճարովի համակարգերում:

Ապահովելով Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասը, չի պահպանվում նույն հոդվածի 2-րդ մասը՝ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունքի մասով? Նշված ձեւակերպումն ամրագրում է մրցութային հիմունքներով անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը, ոչ թե բարցարձակ պայմանը:

Նույնականացնելով միջնակարգ կրթության պահանջը՝ մրցութային հիմունքներով մասնագիտական կրթություն ստանալու հնարավորության հետ, կանգնում ենք հակասության փաստի առաջ? Նույն տրամաբանությամբ, մասնավոր եւ պետության մասնակցությամբ դպրոցներն իրենց ծառայությունները կարող են կազմակերել վճարովի հիմունքներով, սակայն դրանից չի հետեւում սահմանադրական նորմի խախտում, քանի որ դեպքերի ու պայմանների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Սակայն, ըստ էության, ընդունելությունը սահմանափակված է՝ պետական միջոցների սղության ու սահմանափակ տեղերի պատճառով:

2) Կրթության շարունակականության եւ հաջորդականության սկզբունքից ելնելով՝ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված է` «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ»: Նշված դրույթով նախատեսված սահմանափակ մոտեցումը պայմանավորված է այն քաղաքականությամբ, որ միջին օղակի սպասարկման մասնագետները հակված լինեն դեպի աշխատաշուկա մուտքի, սակայն կրթության շարունակության եւ հաջորդականության տեսանկյունից՝ ընձեռվի հնարավորություն ավելի բարձր աստիճանում կրթությունը շարունակելու համար:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը

1) ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի երկու մասերի համադրումը քննարկման եւ կարգավորման հարց չէր դառնա, եթե երկրի պետական բյուջեի միջոցներով հնարավոր լիներ ուսումնական հաստատություններին պատվիրակել ու աշխատաշուկա ուղղորդել ավելի մեծ թվով արհեստագործական ու միջին օղակի մասնագետների, որոնք կազմում են իրական աշխատաշուկայի 60-70%-ը:

Ստացվում է՝ հարցի կարգավորումը դառնում է հրատապ՝ պետական միջոցների սղության ու սահմանափակ տեղերի պատճառով: Քանի որ.

- մասնագիտական կրթության եւ ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈւ) ուսումնական հաստատություններն ունենալով ավելի մեծ թվով ուսանողների սպասարկելու ունակություն,

- աշխատաշուկան՝ արհեստագործական եւ սպասարկման ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ,

- դիմորդները՝ մեծ հետաքրքրվածություն ՄԿՈւ կրթության, մասնագիտությունների եւ զբաղմունքների նկատմամբ, ինչին հաջողվել է հասնել ԵՄ-Հայաստան տեխնիկական աջակցության եւ համագործակցության ծրագրերի շրջանակում շուրջ 10 տարի տեւած բարեփոխումների արդյունքում,

- ծնողների պատրաստակամություն՝ իրենց երեխայի կրթության, մասնագիտական նախընտրությունների եւ աշխատաշուկա արագ մուտք գործելու դիմաց վճարելու եւ վերջապես՝

- Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում ընդունելությունն ու կրթության վճարովի եւ անվճար համակարգերում կազմակերպելու իրավունքը՝ բոլոր շահառուները սահմանափակված են՝ սահմանադրական նորմի իմպերատիվ մեկնաբանության պատճառով:
Արդյունքում՝

2) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում լրացում կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ արվեստի, առողջապահության, սպորտի եւ մի շարք ոլորտների մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման ձեւը նախատեսված չէ, հետեւաբար՝ ոլորտային մասնագիտություններով ՄԿՈւ շրջանավարտները չեն կարող օգտվել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությամբ շարունակելու հնարավորությունից: Դրա արդյունքում՝ բարձր առաջադիմությամբ եւ արդեն մասնագիտական որակավորում ունեցող դիմորդի համար տեղի է ունենում մասնագիտական ծրագրի կրկնություն:

Սույն նախագծի ընդունումը հավասար պայմաններ կստեղծի արվեստի, առողջապահության, սպորտի եւ հեռակա ուսուցում չունեցող այլ մասնագիտությամբ շրջանավարտներին՝ կրթությունը շարունակելու տվյալ մասնագիտության 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:

3. Ակնկալվող արդյունքը

1) Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա առավել նպատակաուղղված եւ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացնել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձեւավորել որոշակի բյուջե` այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար:

2) Փաթեթը նաեւ հնարավորություն կընձեռի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Պ Ա Տ Գ Ա Մ Ա Վ Ո Ր


27 սեպտեմբերի, 2019թ.
 
 
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագծերը (հիմնական զեկուցող՝ Մխիթար Հայրապետյան),

բ) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

Հարգանքով՝  ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (049)
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ (114)
ՀԱՐՈւԹՅՈւՆ ԲԱԲԱՅԱՆ (118)