Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-115-23.04.2019,27.09.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել նոր «ժզ» ենթակետով.

«ժզ. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, արժեթղթերով գործարքների բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունների մատուցումը, կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «Համահայկական բանկից» բառերից հետո լրացնել «, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 149-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել նոր 4-րդ կետ.

«4) կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրում վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտը։»:

2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասում «հինգ տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրվել են ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը:

Հոդված 6. Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: