Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-303-03.10.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների` 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:».

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. 2020 եւ 2021 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2021 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:»

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. 2020 եւ 2021 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԴԱ = Դ2016 փաստացի , որտեղ`

ԴԱ -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքների փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:»

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. 2020 եւ 2021 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2020 եւ 2021 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ`
ՀՀi -ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi -ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1) Անհրաժեշտություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թվականի հունվարի 1-ից: «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2020 եւ 2021 թվականների համար օրենքին համապատասխան իրականացնելու համար:

2) Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին եւ հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում եւ հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացը ամբողջովին չի ավարտվել եւ առկա են մի շարք համայնքներ, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն եւ ներկայիս Օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ, որոնց կհատկացվի պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները, ուստի վերը նշված հարցերը կարող են կարգավորվել համայնքների միավորման գործընթացը ամբողջովին ավարտելու եւ վերջինիցս ելնելով Օրենքով սահմանված գործոնների վերջնական արժեքների սահմանումից հետո: Նախատեսվում է ՀՀ համայնքների միավորման գործընթացը ամբողջովին ավարտել 2021 թվականին:

3) Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը եւ համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

4). Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

5) Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի հիմնական նպատակն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույթի կատարման ապահովումը, մասնավորապես, վերը նշված հոդվածով սահմանվում է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին եւ հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում եւ հատկացվում են ոչ քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:

6) Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1286 - Ա

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին, սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 1
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N -Ա որոշումը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ օրենքի նախագիծը ներկայացվում է ի ապահովումն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ կետի, որի համաձայն՝ եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով՝ պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչեւ պետական բյուջեի նախագծի ներկայացումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ